Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինչեւ ապրիլի կեսը՝ անկայուն եղանակ

Հասարակություն
0a6e64099eb6314acb599e53417e51b0

Վաղը  հանրապետություն կներխուժի հերթական ցիկլոնը, եւ երկրի ողջ տարածքում կլինեն տեղումներ։ Իսկ անկայուն եղանակը կպահպանվի եւս հինգ օր: Այսօր կանխատեսումներ ներկայացրեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը. «Տեղումները կշարունակվեն մինչեւ մարտի 24-ը. հանրապետությունը կգտնվի ցիկլոնի  ազդեցության տակ։ Մարտի 25-ին տեղումներ կլինեն միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում, իսկ 26-ին ողջ հանրապետության տարածքում կլինի առանց տեղումների եղանակ»։ Վաղը հանրապետությունում ներթափանցելու են ցուրտ Արկտիկական օդային հոսանքներ, սակայն առաջիկա հինգ օրերին ցրտահարության վտանգ չկա։ Վաղը Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը գիշերը կանխատեսվում է մեկ աստիճան տաքություն, իսկ ցերեկը մինչեւ 10-12 աստիճան, իսկ մարտի 26-ից, հարավարեւմտյան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կբարձրանա 5-7 աստիճանով՝ գիշերը 4-6 աստիճան տաքություն, ցերեկը մինչեւ 17 աստիճան տաքություն։ Ապրիլ ամսին տեղումները կլինեն նորմայից ավել: Ամսվա առաջին կեսին ջերմաստիճանը դեռեւս անկայուն կլինի, տաք հոսանքները կներթափանցեն երկրորդ կեսից: Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն էլ տեղեկացրեց, որ 2015 թվականի ձմեռը եղել է ամենատաք ձմեռը. «Մինչեւ մարտ ամիսը կար տեղումների պակաս, սակայն հիմա տեղումները նորմայից ավել են, լեռնային շրջաններում դրանք ձյան տեսքով են, ինչը նշանակում է, որ լավ է եւ որ ոռոգման ջրի խնդիր չի ․լինի»։