Պուտինը ԿԳԲ-ից է՝ ինքն է հեղաշրջում անողը (տեսանյութ)
Գրեթե 10- օրյա բացակայությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ առաջին անգամ հրապարակային ելույթ ունեցավ՝ Ղրղըզստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Իր առողջական վիճակի ու անհետացման մասին նա կարճ խոսեց՝ կյանքը ձանձրալի կլիներ առանց բանբասանքների։ Ինչո՞ւ էր անհետացել Պուտինը ու որտե՞ ղ էր նա գտնվում։ Այս հարցը հայ քաղաքագետներին քիչ է անհանգստացնում։ Կարեւորը հետեւանքներն են, որոնք կարող են բավական լուրջ լինել։ Ըստ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի՝ <եթե նույնիսկ ինչ- որ խնդիր է եղել վերեւի շերտերում ու հարթվել է, բնակչության տեսակետից լուրջ փոփոխություն է տեղի ունենալու, դա լուրջ չէ նրանց համար, դա ընդունելի չէ>։ Ռուս ժողովուրդը սովոր է իր առաջնորդին տեսնել ու լսել ամեն օր, ամեն հարցի շուրջ։ Այդ է պատճառը, որ նրա մի քանի օրվա բացակայությունը անհանգստացրել է մարդկանց։ Չի բացառվում, որ մամուլում տարածված անձնական վարկածներն են իրականում եղել Պուտինի անհետացման պատճառ։ Օրինակ, որ նա երկիրը լքել էր դստեր ծնունդին մասնակցելու համար, կամ բուժվելու համար, բայց դա մարդկանց քիչ է հետաքրքրում։ <Մարդիկ ցանկացած բան սպասում են ու փորձում են պատրաստվել։ Իսկ քանի որ Ռուսաստանում մարդիկ չեն կարողանում անմիջապես մասնակցել որոնումների կայացմանը, նրանք էմոցիոնալ առումով են իրենց ուզում զգալ երկրի քաղաքացի, եւ եթե չի ստացվում, դա բերում է ապակայունացման>,- ասում է Բորիս Նավասարդյանը։ Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ չէ, որ անհետանում է երկրի առաջին դեմքը, հիշում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, այնպես որ Պուտինի անհետացմանը այսքան լուրջ վերաբերվել նա խորհուրդ չի տալիս. <Ես հիշում եմ, որ Բրեժնեւը մի քանի տարի էր այսպիսի վիճակում ու չէր կարողանում երկիրը կառավարել։ Ելցինը նույնպես անհետանում էր, ու այդպիսի անհետացումներից մեկի ժամանակ նա վերընտրվեց որպես նախագահ, հետո պարզվեց, որ մահվան հետ կռիվ էր տալիս այդ ժամանակ։ Եթե Պուտինը չկա, ապա Ռուսատանը մնում է Ռուսաստան>։ Վլադիմիր Պուտինի անհետացման բազմաթիվ վարկածների հետ մեկտեղ իր վարկածն է առաջարկում քաղաքագետ Լեւոն Շիրինյանը. <Կարող է հանգստանում է, կարող է թաքնվել է, որ զվարճանա, կամ գուցե նոր գրոհներ պետք է լինեն. Ուկրաինան լավ կլինի մտածի դրա մասին>։ Պալատական հեղաշրջումը նա առհասարակ բացառում է, ապա ավելացնում. <Մի մոռացեք, որ Պուտինը ԿԳԲ-ից է՝ ինքն է հեղաշրջում անողը>։ Այսօր Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հաստատել է, որ մարտի 20-ին Աստանայում կկայանա Մաքսային միության անդամ երկրների ղեկավարների՝ Նազարբաեւի, Պուտինի եւ Լուկաշենկոյի եռակողմ հանդիպումը, որը հիշեցնենք պետք է տեղի ունենար մարտի 13-ի: