Հայաստանում սպառողի դեֆիցիտ կա (տեսանյութ)
Հայաստանում սպառողների իրավունքները պաշտպանված չեն։ Այսօր հայտարարեց «Սպառողների ազգային ասոցիացիա»-ի նախագահ Մելիտա Հակոբյանը։ Ըստ նրա՝ Հայաստանում պակասում են լրատվամիջոցները, որոնք ինֆորմացնում են սպառողին։ Հենց սա է պատճառը, որ Սպառողների ազգային ասոցիացիան սպառողներից բազմաթիվ դիմում-բողոքներ է ստանում. «Ամենաշատը առեւտրի կենտրոններում են խախտվում սպառողների իրավունքները, գնված ապրանքները հետ չեն վերցնում, սակայն ըստ օրենքի 14 օրվա ընթացքում վաճառողը պարտավոր է վերցնել ապրանքը հետ, եթե այն վնասված չէ։ Հայաստանում սպառողի դեֆիցիտ կա եւ վաճառողը հազիվ է ծախում ապրանքը, բնականաբար այլեւս հետ չի վերցնում»,- ասաց նա։ Մելիտա Հակոբյանի կարծիքով՝ հենց սպառողի դեֆիցիտն է պատճառը, որ Հայաստանում փակվում են խանութներն ու բիզնեսները. «Մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը թույլ չի տալիս նրանց ոչ հագուստի թանկ խանութներից օգտվել, ոչ էլ անգամ թանկ սնունդ գնել»։ Ի դեպ, երեկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հակառակն էր պնդում. ըստ նրա ներկայացրած թվերի՝ Հայաստանում սպառման ծավալները մեծացել են։ Մարտի 15-ը սպառողների պաշտպանության միջազգային օրն է, եւ այս տարի ընտրված է «Առողջ սննդի պաշպանության ուղղությունը» կարգախոսը։ Մելիտա Հակոբյանը խոսեց նաեւ Հայաստանի ցուցանիշների մասին՝ ցավով նշելով, որ Հայաստանում նույնպես շատ են արագ սննդից օգտվողները. «Մեր տրադիցիաների մեջ կան տատիկի, մայրիկի պատրաստած ուտելիքը ուտելը, բայց շատացել են արագ սննդի կետերը, անգամ տուն են առաքում դրանք, իսկ երեխաներին մեծերը խրախուսում են, որ եթե լավ սովորես, կտանեմ, համբուրգեր, չիսբուրգեր ուտելու»։ Մելիտա Հակոբյանը, սակայն, տեղեկացրեց, որ ամբողջությամբ հրաժարվել արագ սննդից պետք չէ։ Մեծերը կարող են շաբաթը մեկ անգամ օգտվել, իսկ հասունացման շրջանում գտնվողներին ընդհանրապես խորհուրդ չի տալիս օգտվել։