Արեւմուտքը թույլ չի՞ տա Ադրբեջանին շահարկել ԵՏՄ-ին անդամակցումը (տեսանյութ)
Ադրբեջանը պատրաստ է անդամակցել ԵՏՄ-ին` այն պարագայում, եթե Հայաստանը զիջի որոշակի տարածքներ: Քաղաքագետները Բաքվից նման հայտարարությունները որակում են դիվանագիտական խաղեր։ «Ադրբեջանը փորձում է աշխատել Ռուսաստանի հետ այս առումով, փորձում է հասկացնել, որ եթե ի դեմս Ադրբեջանի Ռուսաստանը ցանկանում է ունենալ վստահելի գործընկերոջ, եթե Ռուսաստանը ուզում է տեսնել այնպիսի մի երկրի, որը միջազգային ասպարեզում պաշտպանում է Ռուսաստանի շահերը, չի հակադրվում Ռուսաստանի շահերին և ավելի սերտ հարաբերություններ ունի նրա հետ, ուրեմն պետք է ճնշում բանեցնի իր ազդեցության տիրույթում գտնվող Հայաստանի վրա»,- նշում է քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը։ Իսկ քաղաքագետ Մանվել Սարգսյանի համոզմամբ՝ Ադրբեջանը երբևէ ԵՏՄ չի մտնի, ուղղակի հարաբերություններ ստեղծելու խնդիր է ` թե Միացյալ Նահանգների, թե Թուրքիայի, թե Ռուսաստանի հետ։ Որքանո՞վ են վտանգավոր մեզ համար նման հայտարարությունները։ Արդյոք Ռուսաստանը, ոտնահարելով Հայաստանի շահերը, կգնա՞ նման քայլի՝ Ադրբեջանին ԵՏՄ կազմում ընդգրկելու համար։ Այս կապակցությամբ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը շեշտում է. «Ես կարծում եմ, որ Ռուսաստանի համար դա միանգամայն ընդունելի առաջարկ է , բայց դա նաև չիրականացվող առաջարկ է, այսինքն` որքան էլ որ դա գայթակղիչ լինի Ռուսաստանի համար,այդուամենայնիվ Ռուսաստանը չի կարող հասնել դրա կյանքի կոչմանը»։ Ստեփան Սաֆարյանը համոզված է՝ այդ ցանկությունը իրագործելու համար Ռուսաստանը չունի բավարար լծակներ։ «Հայաստանում որևէ մեկին չեք գտնի, որ դա անել տա, անգամ իշխանություններին, սիրենք թե չսիրենք այս իշխանություններին, մեկ է նրանք դա չեն անի, ընդդիմությունն էլ դա չի անի, այսինքն էստեղ որևէ քաղաքական ուժ չի գտնվի, որ համաձայնությունը տա խաղաղ ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու։ Եվ վերջապես նաև արևմտյան երկրներն էլ թույլ չեն տա, որպեսզի հանուն Ադրբեջանի եվրասիականացման ղարաբաղյան խնդրի այդպիսի զարգացումներ լինեն»,- ասում է նա։ Քաղաքագետները կարծում են՝ ներքաղաքական իրավիճակը ազդեցություն չի կարող ունենալ ոչ Ռուսաստանի, ոչ էլ Ադրբեջանի վրա։ Բայց բոլոր դեպքերում, ըստ փորձագետների, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից, Ադրբեջանը ցանկանում է ապահովագրված լինել Ռուսաստանի հետ առճակատումից` սիրաշահելով վերջինիս։ Մանրամասները՝ տեսանյութում