Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանջարեղենի շուկայում գները չեն նվազում. ԱՎԾ

Տնտեսություն
66f964553d3ddf1846e19509aa1e82a8

«Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, հունվարին մեր երկրի սպառողական շուկայում 2,5 տոկոս գնաճ է արձանագրվել։ Իսկ 2014-ի հունվարի նկատմամբ այս տարվա հունվարին 4,3 տոկոս գնաճ է եղել»,-հայտնել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։ Տարեսկզբին՝ տոներից հետո, ակնկալվում էր, որ գների նվազում կլինի, սակայն սպառողական շուկայում գները ոչ միայն չեն նվազել, այլ որոշ ապրանքատեսակների գծով թանկացում է արձանագրվել։ Պարոն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ պարենային ապրանքների գներն աճել են 4,5, ոչ պարենայինը՝ 0,5 տոկոսով։ Միայն բանջարեղենն ու կարտոֆիլը թանկացել են 14 տոկոսով, միրգը 8,4 տոկոսով, ձուն 4 տոկոսով, իսկ հացամթերքը՝ 4,3։ Ցածր գնաճ եղել է ոչ ոգելից խմիչքի շուկայում։ Պաշտոնական տվյալները փաստում են, որ երկրում վերջին տարիներին գների նվազում չի արձանագրվում։ Համեմատաբար ցածր գնաճ եղել է 2009 թվականին, մնացած տարիներին գները մշտապես բարձր են եղել։ Առավել բարձր գնաճ տարեսկզբին՝ դեկտեմբերի համեմատ, եղել է բանջարեղենի շուկայում։ Կաղամբի գինն աճել է 21,1 տոկոսով, լոլիկինը՝ 11,2, վարունգինը՝ 35,8, սոխինը՝ 13,6։ Միայն կարտոֆիլն է էժանացել 0, 9 տոկոսով։ «Բենզինի և դիզվառելիքի գները դեկտեմբերի համեմատ այս ամիս աճել են համապատասխանաբար 0,9 և 0,3 տոկոսներով»,-նշել է Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետը։ Վերջին 6 ամիսներին ընդհանուր գնաճը երկրում կազմել է 9 տոկոս։ Հատկանշական է, որ հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, ամենաբարձր գնաճը Ռուսաստանում է եղել. 3,9 տոկոս, Ուկրաինայում՝ 3,1 տոկոս, մեզ մոտ այն կազմել է 2,5 տոկոս։ Իսկ հարևան Վրաստանում գնաճը կազմել է 0,2 տոկոս։