Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ԱԺ-ն քննարկել է վերահսկողության մեխանիզմների հարցը

Տնտեսություն
լղհ

Փետրվարի 16-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի  ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի և ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին նշված հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Գագիկ Մինասյանը: Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված վերահսկողական գործառույթների իրացման և ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ու դրա ընթացքի մասին զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա ընդգծել է ՀՀ խորհրդարանում քննարկվող բյուջետային գրասենյակի համակարգի ներդրման, խորհրդարան-կառավարություն բյուջետային քննարկումների արդյունավետության բարձրացման և բյուջեի կատարողականի հաշվետվությունների ընթացակարգի նպատակային վերահսկողության կարևորությունը: Ընդ որում բյուջետային գրասենյակի գործունեությունը տարբերվելու է Վերահսկիչ պալատի գործառույթներից. այն տրամադրելու է տեղեկանքներ՝ հիմք ընդունելով պաշտոնական տեղեկատվությունը: Այնուհետև Արցախի բյուջետային համակարգի առանձնահատկությունների մասին զեկույց է ներկայացրել ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: ՀՀ և ԼՂՀ խորհրդարանականները քննարկել են նաև օրենսդիր մարմնի կողմից բյուջեի՝ սոցիալական ոլորտին առնչվող նպատակային ծախսերի կատարողականի հանդեպ արդյունավետ վերահսկողության մեխանիզմների կիրառմանն առնչվող հարցերը, որոնց վերաբերյալ պարզաբանումներ է տվել ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Համատեղ նիստին մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը, մշտական հանձնաժողովների նախագահներն ու տեղակալները: ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն