Գագիկ Ծառուկյանը կրկնե՞ց ՀՅԴ-ի ասածները
Խոսելով ԲՀԿ խորհրդաժողովի մասին՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը բառ առ բառ իրենք վաղուց են ասել, դեռ 2010թ.: «Ես դեռ այդ ժամանակ արդեն ամփոփել եմ, որ ժողովուրդը նոր որակի իշխանություն է ցանկանում ձեւավորել: Հիմա տեսնում ենք, որ այսօր էլ սկսել են խոսել այդ մասին: Մենք վաղուց ենք ասել, թե նոր որակի իշխանություն ասելով ինչ ենք հասկանում: Դա քաղաքական մենաշնորհի վերացումն է: Այսօր իշխող կուսակցությունն ու պետությունը նույնականացվել են: Այստեղ են ասել՝ ասողին լսող էր պետք դեռ այն ժամանակ: Հիմա մենք մեր հայտարարությունների վերաբերյալ ի՞նչ տեսակետ պետք է հայտնենք. մենք վաղուց դա ասել ենք: Այժմ լուծումներ գտնելու ժամանակն է, հենց այստեղ են առաջանում հիմնական խնդիրները»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը: Խնդրի լուծման համար պետք է արտերկրում գտնվող մեր բանիմաց կադրերին ներգրավենք պետականաշինության մեջ. «Իշխանափոխությունը չպետք է ավարտվի մարդափոխությամբ, այլ համակարգի փոփոխությամբ: Քաղաքական ուժերով միասին պետք է նստենք ու մեր ժողովրդին հստակ, դետալացված ծրագիր ներկայացնենք, որպեսզի նորից չհայտնվենք անորոշության դաշտում: Ի դեպ, միայն ընտրական համակարգը փոխելով՝ կեղծ է այն կարծիքը, թե երկրում ամեն ինչ կփոխվի»: