«Իշխանությունը պետք է վերջ տա ինքնասիրահարվածությանը»
ԱԺ ճեպազրույցներին այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, խոսելով ԲՀԿ խորհրդաժողովից, հայտարարեց, որ անձամբ ինքը գոհ է եղել. «Դա համարձակության եւ պատասխանատվության քայլ էր սոցիալական այս ծանր իրավիճակում: Համաժողովրդական շարժման մասնակիցները շուտով ի մի կբերեն խորհրդաժողովի արդյունքներն, ու միասնական քարտեզով կներկայանանք: Կարծում ենք՝ լավագույն տարբերակը, արժանապատիվ տարբերակն այն է, որ իշխանությունը վերջ տա ինքնասիրահարվածությանը, թե իրենք կառուցում են ապահով Հայաստան»: Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպիսին կլինի քաղաքական գարունը, եթե հաշվի առնենք, որ աշնանը թեժացում չեղավ, պարոն Հակոբյանը հումորով պատասխանեց. «Նայելով բուսականությանը եւ լսելով օդերեւութաբաններին՝ բավականին լավ, նորմալ գարուն կլինի, իսկ գյուղացին էլ սպասում է իր աշխատանքների վերսկսմանը»: