Ն. Փաշինյանն առաջարկ արեց Բերձորում տեղի ունեցածի առնչությամբ (տեսանյութ)
5-րդ գումարման ԱԺ-ի 7-րդ նստաշրջանն այսօր սկսվեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո: ԱԺ նախագահը հանդես եկավ հայտարարությամբ՝ ցավակցություն հայտնելով Գյումրու դեպքերի եւ սահմանին տեղի ունեցող դիվերսիաների արդյունքում արձանագրված զոհերի վերաբերյալ: Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատգամավորները, անկախ նրանից ընդդիմադիր են, թե իշխանավոր, արտաքին հարաբերություններում անառարկելիորեն միասնական են դառնում, երբ հարցը վերաբերում է ԼՂՀ-ին. «Սահմանագծին դիվերսիաների ակտիվացման ֆոնին կարծում եմ անթույլատրելի է այս հարցում ներքին կյանքում տարընթերցում թույլ տալը: Հրեշավոր դեպք է տեղի ունեցել Բերձորում, դա լրջագույն հարված է ԼՂՀ-ին, հանրությունը դրա հետ կապված սպասում է պատասխանների, քանի որ շոկի մեջ է: Առաջարկություն ունեմ ձեզ, պարոն Սահակյան, քննարկեք ԱԺ պատգամավորների ներկայացուցչական պատվիրակություն ստեղծել ու անհապաղ մեկնել Ստեփանակերտ՝ տեղում քննարկելու տեղի ունեցածը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորեց հարցեր տալ բացառապես օրակարգի վերաբերյալ: Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ կփորձի քննարկել այդ հարցը ԼՂՀ գործընկերոջ հետ. «Կարծում եմ՝ միջադեպի առումով ԼՂՀ պատկան մարմինները զբաղվում են, կփորձեմ այդ ինֆորմացիան որոշակի վերլուծություններ ենթարկել ու պատասխանել ձեզ»: