Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ կհաստատվի կապը սահմանային միջադեպերի ու Գյումրու դեպքի միջեւ

Քաղաքականություն
4d7cb4a249ae83a0a0b30adf3d660388

Վերլուծաբան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ սահմանային միջադեպերի ու Գյումրու դեպքի միջեւ հնարավոր կապի մասին. Զինված միջադեպերի հաճախակիացումը շփման գծում արձանագրվել է Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից դեռ շատ առաջ: Այդ երկուսի անմիջական կապը կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե պարզվի, որ հանցագործն իր ոճիրն իրականացրել է Ադրբեջանի գաղտնի ծառայությունների պատվերով: Այնժամ հնարավոր կլինի ասել, որ Ադրբեջանն այլևս չի բավարարվում ճակատային գծում զինված միջադեպեր հրահրելով և որոշել է իր գործողություններին հավելել նաև խորը թիկունքում ապրող մարդկանց ահաբեկելու գործելակերպը:Լարվածությունը թեժ պահելուն միտված Ադրբեջանի մոտեցումը բխում է այդ երկրի կողմից որդեգրած քաղաքականությունից, հանդիսանում է այդ քաղաքականության հիմնատարրերից մեկը: Թեև հայկական կողմերը ռազմաճակատում սովորաբար կարողանում են համարժեք ռազմական պատասխանը տալ հակառակորդի սադրանքներին, սակայն քաղաքական ասպարեզում նույնը անել նրանց չի հաջողվում և չի հաջողվի, քանի դեռ իրենց քաղաքական պահվածքը չեն վերանայել ու չեն համալրել նոր արդյունավետ մոտեցումներով: Ադրբեջանը նպատակ ունի իր լիակատար վերահսկողության տակ առնել Արցախի Հանրապետության ներկայիս ողջ տարածքը՝ սա է մեր հակառակորդի անփոփոխ նպատակը, որի իրագործման համար նա չի ափսոսում ոչ իր մարդկանց կյանքը, ոչ էլ իր տրամադրության տակ եղած մեծածավալ նյութական միջոցները: Ոչ մի երկիր ու ոչ մի ժողովուրդ չի ցանկանա պատերազմի մեջ ներքաշվել և մենք այդ առումով բացառություն չենք կազմում: Այդուհանդերձ, հաշվի առնելով պաշտոնական Բաքվի պահվածքն ու նպատակները, առկա իրավիճակը համակողմանի ու մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի՝ միայն լուրջ մասնագիտական վերլուծության հիման վրա հնարավոր կլինի պաշտպանվելու կամ հարձակվելու վերաբերյալ կշռադատված որոշում կայացնել: Եթե պատերազմն ինչ-ինչ պատճառներով համարվի անխուսափելի, ապա անհրաժեշտ է այնպես անել, որ ռազմական գործողություններն ի սկզբանե տեղի ունենան հակառակորդի տարածքում: Ղեկավարությունը, ողջ մեր քաղաքական դասը պետք է գիտակցեն երկրի կառավարման համակարգի որակական փոփոխության անհրաժեշտությունը՝ անհրաժեշտ են վստահություն ներշնչող ու արդյունավետ նոր մոտեցումներ, որոնք կապահովեն ներքին միասնականության ու փոխվստահության վերականգնման համար անհրաժեշտ նախադրյալները և թույլ կտան իրատեսական հիմքի վրա կառուցել մեր հարաբերություններն արտաքին աշխարհի՝ բարեկամների, հակառակորդների ու պոտենցիալ գործընկերների հետ: