Սերյոժա Ավետիսյանը, հնարավոր է, ճանաչել է Պերմյակովին. Վարդանով (տեսանյութ)
Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը գյումրեցի ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործելաոճի մեջ տեսնում է մի քանի անհասկանալի հանգամանքներ։ Նախևառաջ նա նշում է, որ ընդամենը մեկ ամսվա զինծառայողը չէր կարող այնքան լավ տիրապետել անծանոթ քաղաքի տարածքին, որ զորամասից այդքան հեռու գտնվող տան ճանապարհը միանգամից գտներ։ Ըստ նրա՝ անհասկանալի է նաև, թե ինչու հենց այդ ընտանիքը։ Նրա համար հավանական վարկածներից մեկն էլ այն է , որ ավագ Սերյոժա Ավետիսյանը նոր էր վերադարձել Ռուսաստանից, ուստի չի բացառում, որ հնարավոր է նա նախկինում Սերյոժա Ավետիսյանը: Ըստ նրա՝ Պերմյակովի արած հանցագործությունը կամ խելագարը կաներ կամ էլ նախօրոք պատրաստված է եղել, և այստեղ պատահականություն չկա: «Անհասկանալի է նաև, թե ինչպես է, որ այդքան աղմկոտ կալաշնիկով տեսակի զենքի ձայնը որևէ մեկը չի լսել»,-հավելում է նա։ Միևնույն ժամանակ հետախույզը սխալ է համարում հակառուսական քայլերը և այն կոչերը՝ ըստ որի պետք է հրաժարվել ռուսական զորքերից: «Այսօր մենք մեր մեղքով ունենք ռուսի կարիքը:Մենք անգամ զորակոչ չենք կարում պահենք և հիմա պահանջում ենք սահմանից ՌԴ զորքերը հանել: Այնպես չի, որ ռուսը աչքիս լույսն է, սակայն հիմա նրանց կարիքը կա»,- նկատեց Վովա Վարդանովը՝ հավելելով նաև, որ հնարավոր է, որ իր այդ հայտարարություններից հետո ոմանք նրան համարեն դավաճան, սակայն այդուհանդերձ նա տեսնում է Հայաստանում այդ ռազմաբազայի անհրաժեշտությունը։ Անդրադառնալով նաև հակառակորդի կողմից պարբերաբար նկատվող դիվերսիոն հարձակումներին, բանախոսը նշում է, որ դրանից խուսափել հնարավոր չէ, քանի որ Թուրքիան ունի շատ ուժեղ դիպուկահարական դպրոց, ռեսուրսներ, որոնք նա պետք է սպառի. «Կարճ ասած, շատ մարդ ունեն, պետք է ռասխոդ անեն»։