ՀՀ քաղաքացիների պահանջն օրինական է. ռուս քաղաքական գործիչ
«Երբ Հակամայդանի կրեմլյան շարժումը Գյումրիում հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին խղճի գերի է հայտարարում, ինչի՞ վրա է հույս դնում` հայ ժողովրդի սիրո՞, թե՞, որ ռուսներին անիծեն դեռեւս բարեկամ ՀՀ քաղաքացիները: Կարծես թե կրեմլյան սադրիչները հենց երկրորդի վրա էլ իրենց հույսը դնում են, իսկ Կրեմլում նրանց լուռ հետեւում են»,- ֆեյսբուքում գրել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը: Քաղաքական գործիչը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազայի հետ իրավական փոխօգնության եւ իրավազորության հարցերի համաձայնագիր է գործում, որը ստորագրվել է դեռեւս 1997 թվականին: Համաձայնագրի 4-րդ հոդվածից ուղղակիորեն հետեւում է, որ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, որին մեղադրում են հայկական ընտանիքի 6 անդամի գնդակահարության մեջ, պետք է հանձնվի հայկական արդարադատությանը, այդ պատճառով Երեւանի եւ Գյումրու ցուցարարները միանգամայն օրինական կերպով Ռուսաստանից պահանջում են կատարել միջազգային պարտավորությունները: «Պերմյակովին չեն հանձնում եւ նրան նույնիսկ խղճի գերի են կոչում… Ու հետո մենք զարմանում ենք, թե ինչու են շուրջբոլորը մեզ ատում»,- եզրափակել է Բորիս Նեմցովը: