Հայաստանին տեռոր չի սպառնում (տեսանյութ)
Սպանությունը հումանիտար կատաստրոֆա է: Անդրադառնալով հունվարի 7-ին Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության վրա հարձակմանը՝ նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Ամսագիրը մի քանի անգամ հրապարակել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, ինչն էլ բողոքի ալիք էր բարձրացել: Ահաբեկչության հետևանքով վերջին օրերին Ֆրանսիայում ավելի քան 17 մարդ է զոհվել: «Ֆրանսիան հայտնի է որպես ազատության պաշտպանության օջախ, օրրան, և այդ օջախի վրա հարձակումը սասանում է ընդհանուր անդորրը,- նշում է Անուշ Սեդրակյանը։- Սա նաև հակաիմիջ է Եվրոպայի համար: Նրանք ուզում են Եվրոպան ներկայացնել վտանգավոր եւ խնդիրներով լի աշխարհ»։ Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը համոզված է՝ սպանությունների շարժառիթը բնավ էլ Charlie Hebdo երգիծական ամսագրի ծաղրանկարները չեն, քանի որ Ֆրանսիան այն երկիրն է, որտեղ կարող ես դատի դալ եւ պաշտպանել քո իրավունքները դատարանում: Ֆրանսիայում կատարվածը հստակ մեսիջ է պարունակում. «Սա ISIS-ի հստակ մեսիջ էր, որ նրանք միայն Մերձավոր Արևելքում չեն: Սրանից հետո չեք ունենալու հանգիստ կյանք, եւ մենք լինելու ենք բոլոր վայրերում»: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա երկու բանախոսների խոսքերով էլ, այն տեռորիզմից բավականին հեռու է: Ոչ ցանկալի նյութերի համար խմբագրությունների դռներ են կոտրվել, լրագրողներ են հեռացվել աշխատանքից, մեքենաներ են այրվել եւ այսքանով հարցը լուծվել է: