«Եթե իրավապահները կանգնած չեն գործի հետեւում, հեշտությամբ կբացահայտվի»
Լրագրող Անի Գեւորգյանը եւ օպերատոր Սարգիս Գեւորգյանը այսօր կրկին քննիչի մոտ են եղել ՝ լրացուցիչ հարցաքննության համար։ Պատճառը Ամանորի գիշերը նրանց բնակարանից կատարված գողությունն է եղել։ Գողացել էին Անիի անձնական Canon 6D տեսախցիկը, «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի խմբագրությանը պատկանող Canon 550 D տեսախցիկն ու եղբոր՝ newsline.am-ի օպերատոր Սարգիս Գևորգյանի արխիվային եւ աշխատանքային նյութերով համակարգիչը, էլեկտրոնային կրիչները: «Համակարգիչը, որը պատկանում էր Սարգիսին, բայց ընդհանուր օգտագործման է եղել, դրա մեջ ինֆորմացիոն եւ աշխատանքային նյութեր էինք պահում, նաեւ արխիվային։ Դրա մեջ կային բազմաթիվ չհրապարակված նյութեր, տեղեկություններ, տեսանյութեր»,- «Ա1+»-ին ասաց լրագրող Անի Գեւորգյանը։ Նրա խոսքերով՝ այս պահին որեւէ կասկածներ չունեն։ Անհրաժեշտ ինֆորմացիան տրամադրել են ոստիկանությանը եւ Քննչական կոմիտեին։ «Մենք գտնում ենք, որ տեղի ունեցածը կապված է մեր մասնագիտական գործունեության հետ, եւ եթե սրա հետեւում իրավապահ համակարգը կանգնած չէ, ուրեմն շատ կարճ ժամկետներում ոստիկանությունը եւ քննչական կոմիտեն պետք է հեշտությամբ բացահայտեն տեղի ունեցածը»,- եզրափակեց Անի Գեւորգյանը։