Նախարարը հրապարակեց առաջատար ԲՈՒՀ-երի եռյակը (տեսանյութ)
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր խոսեց բուհական այն պիլոտային ծրագրերի մասին, որոնք նախաձեռնվել են դեռևս անցյալ տարվանից։ Ծրագրերը հիմնականում վերաբերում էին կրթական որակների ապահովմանը հայաստանյան կրթական բարձրագույն հաստատություններում ՝ ելնելով միջազգային այն չափանիշներից, որոնք դրված են Հայաստանի ազգային վարկանիշավորման համակարգի հիմքում։ «Բազմաթիվ փորձագետներ, թե՛ միջազգային, թե՛ տեղական, աշխատել են , որպեսզի ներկայացված համակարգը լինի մաքսիմալ օբյեկտիվ և արտահայտի իրականում ուսանողակենտրոն որակյալ կրթական ծառայությունների մատուցման քաղաքականությունը մեր ԲՈՒՀ-երի կողմից»,-նշեց Արմեն Աշոտյանը։ Վերջինս հրապարակեց նաև այս տարվա առաջատար համալսարանների եռյակը, որը գլխավորում էր ԵՊՀ-ն, երկրորդ տեղում ՝ Ամերիկյան համալսարանը, իսկ երրորդ տեղում՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ «Կային նաև ԲՈՒՀ-եր, որոնք ոչ լիարժեք և հոգատար են լրացրել իրենց ցուցանիշերը, և սա հատկապես ուզում եմ շեշտել Ֆրանսիական համալսարանի հետ կապված, որը բավականին թերի ներկայացնելով իր տվյալները, ներկայացված չէ վարկանիշային աղյուսակի բարձր տեղերում։ Սրանից բացի, նաև մի շարք այլ ԲՈՒՀ-եր էլ հոգատար չեն եղել իրենց ցուցանիշների հետ կապված»։ Նախարարի խոսքերով՝ եղել են նաև այնպիսի ԲՈՒՀ-եր, որոնք չափից շատ են ներկայացրել իրենց տվյալները, և ստուգումների արդյունքում հայտնաբերվել է, որ դրանք չեն համապատասխանել իրականությանը։ Արմեն Աշոտյանի տեղեկացմամբ՝ այս ցուցանիշների հիման վրա էլ ԿԳ նախարարությունը պատրաստվում է վերանայել իր պետական քաղաքականությունը մի շարք ոլորտներում։ «Առաջինը, իհարկե, պետպատվերի ձևավորման սկզբունքներում լինելու է ազգային վարկանիշավորման համակարգում ԲՈՒՀ-ի զբաղեցրած տեղի խնդիրը ։ Սակայն դա չի լինելու միակ գործոնը։ Առաջնայինը մեզ համար ԲՈՒՀ-ի հավատարմագրված լինելու փաստն է»,-ասաց նա։ Մանրամասները՝ տեսանյութում