«Ես այդ ելույթը չէի ունենա». Ա. Ռուստամյանը՝ Ս. Սարոյանի ելույթի մասին (տեսանյութ)
Թող հասարակությունն ինքը գնահատի ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանի երեկվա ելույթը ԱԺ ամբիոնից. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ավելացնելով. «Ես ամեն մեկի ելույթը գնահատելու կարիք չունեմ. դա իր ոճի ելույթ է ու եթե դա վիրավորանք ու զրպարտություն չի պարունակում, նորմալ է: Հիմա նա իր այդ կոլորիտի մարդն է: Ես այդ ելույթը չէի ունենա»: Սեյրան Սարոյանը երեկ ելույթ էր ունեցել ՀՀԿ եւ ՀՅԴ համատեղ հրավիրած արտահերթ նիստին, որը նվիրված էր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ տեղի ունեցած բռնություններին: Պարոն Ռուստամյանը խոսեց նաեւ հայհոյել կարելի-չի կարելիից. «Մայր հայհոյելը հայ ժողովրդի համար ամենամեծ վիրավորանքներից մեկն է: Մենք էլ պետք է հասկանանք, որ չի կարելի հայհոյանքներ տեղալ ու մտածել, որ դա կմնա անպատասխան: Հայ ժողովրդի մենթալիտետն այդպիսին է. ռուսների մոտ դա կարող էր լինել բարեւի նման: Իսկ բանակում դա ավելի վատ արդյունք է տվել: Հիմա այդ մարդն ինչ մտածում էր, անկեղծորեն ասաց, քան այն մարդիկ, որոնք ավելի վատ բաներ ունեին մտքում ու չասացին»: Ըստ նրա՝ նիստի արդյունքում ընդունված հայտարարությամբ հասան նրան, որպեսզի ցույց տան, թե ԱԺ-ն ինչ դեր ունի. «Եթե ինչ-որ մեկը որոշել է գլուխ ջարդել, ապա նա պետք է հասկանա, որ նրա գլուխը կջարդվի եւ զսպի բոլոր նրանց, որոնց թվում է՝ եթե մեկն իր կամքին հակառակ լինի, ինքնադատաստան անի: Ցանկացած իրավապահ մարմին այդ հայտարարությունը պետք է ընդունի որպես ուղեցույց»: