«Չի կարելի թութակի պես կրկնել ձեր կուսակցության ղեկավարի ասածը» (տեսանյութ)
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, խոսելով վերջին օրերին տեղի ունեցած բռնությունների մասին, նշեց, որ դա դատապարտելի է, և եթե իշխանությունները չկարգավորեն հարցը, ապա իրենք կարող են բարկանալ և խնդիրը լուծել իրենց ձևով, ինչը կարող է վտանգավոր լինել: «Սա է ԵՏՄ-ն, սա է ԵՏՄ-ի հետևանքը: Գնացեք Պուտինին խնդրեք, որ զանգի և ասի, որ այստեղ այդպիսի բաներ չլինեն»,- վերջին իրադարձությունների առնչությամբ նկատում է Հովհ. Իգիթյանը։ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը ևս համոզված է, որ ցանկացած անձի նկատմամբ ցանկացած բռնություն անընդունելի է:Նա նշեց. «Ամենակարևորը՝ մենք հասկանանք դրդապատճառները, և չփորձենք պիտակներ կպցնել ինչ-որ ուժերի և մարդկանց վրա՝ կախված այն բանից, թե այդ պահին քեզ ինչ է հարկավոր ասել: Պետք է արհեստավարժ քննություն անցկացնել, թե ինչ կերպ են փոխկապակցված այս երևույթները, իսկ ցանկացած այլ բան՝ սպեկուլյատիվ բնույթ է կրում: Էգուց եթե եղանակը վատը լինի, ինչ ա, պետք է ասենք՝ այ ԵՏՄ մտաք, դրա համար է եղանակը վատ, կամ երկրաշարժ լինի՝ ասենք ԵՏՄ-ի հետևանք է»: Ըստ պատգամավորի՝ չկա որևէ ինտեգրում, որը չունենա բացասական կամ դրական հետևանքներ, և ԵՏՄ-ին միանալը մեր ընտրության իրավունքն էր: «Մենք նախկինում հայտարարում էինք, որ գնում ենք Եվրոպա, բայց, ցավոք սրտի, այն մեզ չտվեց որևէ երաշխիք, որ ընտրեինք իրեն: Երբ մենք ընտրեցինք ԵՏՄ-ն, չկար այս հակամարտությունը՝ Եվրոպայի և Ռուսաստանի միջև, չկար ուկրաինական ճգնաժամը, չկար դրամի տատանում: ԵՏՄ-ն առաջին հերթին մեր անվտանգությունն է: Դու չես կարող տնտեսապես ինտեգրվել մի կառույցի, սակայն քո երկրի անվտանգությունը ապահովի մեկ այլ կառույց»: Սակայն այս կարծիքի հետ համաձայն չէր Հովհաննես Իգիթյանը. «Դուք ասում էիք, որ մեր նախագահը ճիշտ է, որ գնում է ԵՄ-ի ուղղությամբ, հետո ասում էիք, որ մեր նախագահը ճիշտ է, եթե գնում է ԵՏՄ-ի ուղղությամբ, վաղը եթե նա որոշի գնալ Չինաստանի ուղղությամբ, ապա էլի կասեք, որ նա ճիշտ է: Չի կարելի թութակի պես կրկնել այն, այն ինչ ասում է ձեր կուսակցության ղեկավարը»: Այս համատեքստում պարոն Իգիթյանը հիշեցրեց Բադեյանին, որ նա ասուլիսի եկել է ոչ թե «Լադա կալինա» մեքենայով, այլ «Մերսեդես»-ով, բայց դա չի նշանակում, որ հակառուսական կարծիք ունի: Բանախոսի կարծիքով՝ Ռուսաստանը շանտաժի միջոցով է մեզ անդամակցել իր կառույցին՝ օգտագործելով ԼՂՀ-ի հարցը: «Ականատեսը եղանք, թե ինչ տեղի ունեցավ օգոստոսին, ինչ արեցին մեր ուղղաթիռի հետ: Մի՞թե այդ ամենը բավական չէր, որ ՀԱՊԿ-ը հայտարարի, որ ադրբեջանցիների այդ քայլը ագրեսիա է և պատժամիջոցներ ձեռնարկի նրա հանդեպ, չէ՞ որ ընդգրկվել ենք այդ կառույցին հանուն մեր անվտանգության»: Մանվել Բադեյանն էլ իր հերթին շեշտում է, որ մեր երկիրը չունի անվտանգության որևէ պաշար և այդ պարագայում ավելի խոցելի է, քան այլ երկրներ և ցանկացած հակամարտություն կամ պատժամիջոցներ անուղղակի կամ ուղղակի կերպով անդրադառնալու են մեզ վրա: