Հովիկ Աբրահամյանի բանակցությունների արդյունքը գաղտնի է պահվում (տեսանյութ)
«Մեր երկրի առևտրաշրջանառության 60-70 տոկոսը կատարվում է Վրաստանի տարածքով»,-նշել է ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը՝ շեշտելով, որ հայ-վրացական ու նաև հայ-իրանական հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի համար։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Վրաստան այցի արդյունավետ կողմերից մեկը նա համարում է նոր՝ «Բարեկամության» կամրջի շինարարության հեռանկարը և առևտրային ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Մի քանի բան էլ կա, գաղտնիք է, չեմ կարող ասել»,-նշել է պարոն Այվազյանը։ Նա նաև շեշտել է, որ վրացական ապրանքն ինչպես որ զրոյական մաքսատուրքով մուտք էր գործում Հայաստան և հակառակը, դա հետայսու էլ շարունակվելու է։ ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրել է, որ ԵՏՄ անդամակցությունը մեր երկրի ազատ առևտրի ճանապարհը դեպի ԵՄ չի փակում։ Օրեր առաջ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնության դեպքի առնչությամբ էլ պարոն Այվազյանը նշել է. «Ցանկացած բռնության դրսևորում դատապարտելի է։ Բացի այդ, պարոն Մանուկյանն իմ գործընկերն է»։ Անդրադառնալով շուկայի վերջին թանկացումներին՝ ՀՀԿ-ական պատգամավորն ասել է. «Հարց է առաջանում. ինչու՞ է տեղական արտադրանքը թանկանում։ Գուցե սպեկուլյացիա կա։ Ես ՏՄՊՊՀ ղեկավարին կհրավիրեմ ԱԺ, որպեսզի այս հարցը պարզենք, և իրենց դիրքը չարաշահողները պատժվեն»։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանն էլ իր հերթին շեշտել է, թե երկրում նեոլիբերալ համակարգում են իշխանությունները գործում, որտեղ ոչ ոք ոչինչ չի կարող փոխել։ «Իրենք նույն բիզնեսի տղերքն են»,-ասել է պարոն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ եթե իշխանությունը որևէ մեկից վախենում է, ապա դրանք ազատամարտիկներն են։ ՀՀԿ-ական Այվազյանն էլ հակադարձել է, թե կարծես պարոն Սարգսյանը կոմունիստական մտքեր է արտահայտում, շեշտելով սակայն, որ դրանում վատ բան չկա. ինքն էլ նախկինում կոմունիստ է եղել։