Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բյուջեում «Նաիրիտի» համար նախատեսված գումար չկա». վարչապետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
nairitciner

Նաիրիտցիների հետ հանդիպմանը վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեմ արտահայտվեց այն փաստին, որ չաշխատող ընկերության գործարանի տնօրենին 2 միլիոն վեց հարյուր հազար աշխատավարձ էր վճարվում։ Նա նշեց, որ նաիրիտցիներն իրավունք ունեն պահանջելու իրենց աշխատավարձերը, բայց ոչ՝ վարչապետից եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից. «Դուք ունեք տնօրենների խորհուրդ, ունեք տնօրեն, որ պատասխանատու են այս հարցերում։ Կառավարությունը ուզում է աջակցել ձեզ։ Դուք խնդիր եք դրել, որ մենք մի քանի ամսվա աշխատավարձը ձեզ վճարենք, եւ ասում եք, որ գիտեք ինչ՝ նաեւ մեր պարտքերը փակեք ժամանակի ընթացքում։ Բայց պետք է հասկանաք, որ այդ գումարները նախ բյուջեում չկա նախատեսված, գործարանը հիմա չի աշխատում։ Մենք խնդրել ենք համաշխարհային բանկին, որպեսզի իրենք միջազգային մասնագետներ հրավիրեն եւ ասեն, թե «Նաիրիտի» ապագան ինչպես են տեսնում, հնարավորություն կունենանք գործարկենք այդ գործարանը, թե ոչ։ Արդեն սկսել են իրենց աշխատանքը եւ փետրվար-մարտի ամիսներին պատասխանը կասեն։ Մենք պատրաստ ենք, եթե կլինի հիմնավոր առաջարկ, որ «Նաիրիտը» կարող է աշխատել, ապա կառավարությունից ինչ որ կախված է կաջակցենք, որպեսզի աշխատեք։ 2000-ից ավելի մարդիկ են աշխատում, եւ ինձ՝ որպես վարչապետ եւ կառավարություն, մեզ համար կարեւոր է, որ մարդիկ իրենց աշխատանքը չկորցնեն»,-ասաց Հովիկ Աբրահամյանը։ Կառավարության շենքի մոտ հավաքված մյուս ցուցարարները շարունակում են ակցիան։ Վարչապետի հետ հանդիպումից «Նաիրիտի» աշխատակիցները դժգոհ են. «Ոչ մի ռեալ պատասխան չտվեցին, միայն ասացին, որ դեկտեմբերին եւ հունվարին 2 ամսվա աշխատավարձերը տալու են։ Բայց մեզ երկու ամսվա աշխատավարձ պետք չէ»,-ասում են ցուցարարները։ Երկուշաբթի օրը՝ ժամը 8-ին, նաիրիտցիները հավաքվելու են «Նաիրիտ» գործարանում՝որոշելու հետագա անելիքները։