Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամոթ է 21-րդ դարում ունենալ քաղբանտարկյալ» (տեսանյութ)

Քաղաքականություն
770dad0b498ec1c7ff958d0210163b48

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր անցկացրեց խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ կողմից ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձեւի կատարման վերաբերյալ» թեմայով: ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանն իր ելույթում նշեց, որ ինքը որպես մի քանի անգամ քաղբանտարկյալ դարձած մարդ, քաջատեղյակ է խնդրին. «Զարմանալի է, որ դատախազության աշխատակիցները ոչ միայն անտեսում են իրենց հանձնաժողովի կողմից ուղարկված տարբեր բողոքները, այլեւ խուսափում են բաց ճակատով գալ ու խոսել այն խնդիրների մասին, որոնք առկա են: Քաղբանտարկյալների գործերի 95 տոկոսի սանկցիաները տվել է դատախազությունը եւ դատախազությունն է մշտապես հերքել քաղբանտարկյալների առկայությունը»: Ինչ վերաբերում է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ համեմատությունների անցկացմանը, որ այնտեղ ավելի շատ են քաղբանտարկյալները, պարոն Արզումանյանը նշեց, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ կա սար ու ձորի տարբերություն. «Բայց եթե կա ցեղախումբ, որ մարդ է ուտում, մենք չենք կարող ասել, որ մենք մարդ չենք ուտում, կամ տարեկան մեկ մարդ ենք ուտում եւ ամոթ է՝ 21-րդ դարում ունենալ քաղբանտարկյալ: Այս պահին ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ»: Միաժամանակ, նա նշեց, որ այս պահի դրությամբ ԵԽԽՎ առաջ ստանձնած մեր պարտավորությունների կատարման առումով կա փոփոխություն՝ 150 քաղբանտարկյալի փոխարեն այժմ ունենք 15-ը. «Սակայն քանի դեռ կա գեթ մեկ քաղբանտարկյալ, մենք չենք կարող ասել, որ առաջընթաց ունենք»: Մինչ ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են, ԱԺ դարպասների մոտ են դատապարտված Շանթ Հարությունյանի, Վոլոդյա Ավետիսյանի եւ Հայկ Կյուրեղյանի հարազատներն ու իրավապաշտպան կազմակերպություններ: Նրանք եկել են պահանջելու ԱԺ-ից՝ ճանաչել նրանց քաղբանտարկյալ եւ ազատ արձակել: