Րաֆֆի Հովհաննիսյան. «Նիկոլը չի նշել որ այս իշխանությունը լեգիտիմ չէ»» (տեսանյութ)
Ժառանգության առաջնորդը կարող էր ուղղություն ցույց տալ Նիկոլ Փաշինյանին՝ Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացի վերաբերյալ։ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ նախաձեռնության հիմնաղբյուրը բացակայում է. «Չնտրված նախագահ, նախագահություն, իշխանություն ունենք։ Այսօր Նիկոլի հիմնավորումներից բացակայում է հենց այդ բառը, որ այս իշխանությունը ընտրված չէ, կեղծված եւ գողացված են ընտրությունները, այսինքն, հիմնական հիմնավորումը իմպիչմենտի` բացակայում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Պարոն Հովհաննիսյանը դեկտեմբերի 5-ին բոլորին՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին, քաղաքացիներին, հրավիրեց Ազատության հրապարակ, հույս ունենալով, որ հաջորդ հանրահավաքը եռյակի շրջանակներում է լինելու։ Եռյակից դուրս գալու հարցն էլ դրված չէ։ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով, պետք է ավելի ուժեղացնել, խորացնել համագործակցությունը, միաժամանակ ժողովրդի առջեւ հստակեցնելով, որն է նպատակը։ Անդրադառնալով այն հարցին, թե Ժառանգությունը միասնական կարծիք չունի եւ ամեն մեկը իր տեսակետն է արտահայտում` պարոն Հովհաննիսյանը նշեց. «Ժառանգությունը չունի անհատի պաշտամունք, մենք ունենք գաղափարների, մտքերի, տեսակետների ազատ մրցակցություն։ Ամեն մեկը, ով նստում է այդ սեղանի շուրջ, միգուցե մի օր ձեզ հրավիրեմ, տեսնեք ոնց է կատարվում ամեն ինչը, իր տեսակետն է ներկայացնում։ Այո, մենք կարգապահության պակաս ունենք, իմ մեղքն է` պիտի ուժեղացնենք, բայց մեզ մոտ ազատ քաղաքացիներ կան եւ ես հպարտ եմ մեր գործընկերներով։ Էական ծրագրային հարցերի վերաբերյալ որեւէ տարակարծություն չկա»,- նշեց նա։ Րաֆֆի Հովհաննիսյանը ավելացրեց, որ իր ղեկավարած քաղաքական ուժը դեմ է քվեարկելու Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության խորհրդարանական նախաձեռնությանը. «ԵՏՄ անդամակցությամբ մենք զիջում ենք մեր ինքնիշխանությունը, սահմանափակում տնտեսական ինքնուրույն քայլերը, խորացնում աղքատությունն ու արտագաղթը»,- եզրափակեց Ժառանգության առաջնորդը։