Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքերը հայերի հետ առանց երրորդի տանգո չեն պարի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ZoXnhzkBGd8

Սա Թալեաթ փաշայի արյունոտ վերնաշապիկն է։ Պահպանվում է պետության կողմից՝ Ստամբուլի ռազմական արվեստի թանգարանում։ Այս վերնաշապիկի վրայի արյունը ժամանակակից Թուրքիայի առաջին տեսանելի կապն է 1915 թվականի հայերի ցեղասպանության հետ։ Երկրորդ այդպիսի կապը «Ակոսի» խմբագրատան դիմաց գտնվող այս սալաքարն է՝ այն ընդամենը հիշեցնում է, որ այստեղ սպանվել է Հրանտ Դինքը. ով եւ ինչու է սպանել, ոչ մի խոսք չկա։ Սակայն հայերի ցեղասպանության մասին Թուրքիայում արդեն խոսում են առանց ավելորդ նյարդայնության, թեպետ չեն կարծում, որ պետությունը կճանաչի այն։ Ֆուտբոլային դիվանագիտությունը հեշտացրել է թուրքերի ասելիքը ցեղասպանության 100-ամյակի մասին: «2015-ը տուգանային հարվածի տարի է հայերի համար եւ թուրքերն էլ սպասում են, որ հայերի հարվածը բռնեն»,-ասում է CNNturk-ի լուրերի բաժնի խմբագիր Ֆերհատ Բորաթավը։ Նա խմբագրական լուրջ պաշտոն է զբաղեցնում CNNturk հեռուստաընկերությունում։ Նա հայերին հասկացնում է, որ ցեղասպանության ճանաչման մասին խոսել հնարավոր չէ առանց պատմության դասագրքերը քրքրելու։ Եվ եթե հայերին թուրքերի հետ բարիդրացիական հարաբերություններ են պետք առանց նախապայմանների, այստեղ էլ առանց զուգապարի հետ հաշվի նստելու չի լինի. «Ես այդ երեւույթն անվանում եմ տանգո երեքով, մենք մենակ չենք պարելու Հայաստանի հետ, մեզ հետ լինելու է Ադրբեջանը։ Մինչդեռ հայկական կողմն ուզում է պարել միայն Թուրքիայի հետ»։ Պարոն Բորաթավն ընդունում է, որ հայերի եւ թուրքերի միջեւ ինչ-որ բան եղել է, ասում է, որ թուրքերը գիտեն տեղի ունեցածի մասին, սակայն խոստովանում է, որ շատ թուրքերի մեջ այդ իրադարձությունների տեղն արդեն զբաղեցնում են կեղծ հիշողությունները։ «Հիմա քաղաքներում ապրող թուրք բնակչության 70 տոկոսը լիովին հեռու է 1915-ի ժառանգությունից։ Նրանց հիշողությունը գրեթե ամբողջությամբ կորած է»,-ասում է նա։ Haberturk-ի լուրերի խմբագիրը հայկական հարցի հետ իր առաջին տեղեկություններն ստացել է բանտում 6 ամիս անցկացնելով ԱՍԱԼԱ-ի հետ համագործակցության մեջ մեղադրվող հայ հոգեւորականի հետ, որն իրականում անմեղ էր եւ ոչինչ չէր խոսում հայկական հարցի մասին։ Ըստ Ռուշեն Չաքըրի, Թուրքիայում հայկական հարցն աշխուժացավ հենց ԱՍԱԼԱ-ի ահաբեկչական գործողություններից հետո. «Մեր վերաբերմունքը հայկական հարցի հանդեպ ԱՍԱԼԱ-ի գործողություններից հետո բացասական էր։ Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե այսօր Թուրքիայում ռասիստական վերաբերմունք կա հայերի հանդեպ»։ Ըստ Ռուշեն Չաքըրի, այսօր պաշտոնական Թուրքիայի համար ցեղասպանության թեման ամենակարեւորը չէ հայերի հետ ունեցած խնդիրների մեջ։ Կարեւորը հայ-ադրբեջանական հարաբերություններն են «Բայց եթե անգամ հայերը եւ ադրբեջանցիները գտնեն Ղարաբաղի հարցի լուծման բանալին, չեմ կարծում, որ հայ-թուրքական սահմանը միանգամից կբացվի ցեղասպանության թեման էլ կխանգարի հետագա հարաբերություններին»,- ընդգծում է Չաքըրը։։ Թուրք լրագրողի կարծիքով, այնուամենայնիվ, այսօրվա իրավիճակը պատմական է, սկզբից հայկական հարցի հետ առնչվում էին ԱՍԱԼԱ-ի ահաբեկչությունների միջոցով, հետո ցեղասպանության միջազգային ճանաչման, իսկ այսօր ֆուտբոլային դիվանագիտության, հայերն էլ Հայաստանից գալիս են Թուրքիա ու հանգստանում. «Այստեղ հայերին ոչ ոք չի հալածում, տարբեր երկրներում դժգոհություններ ենք լսում տարբեր ազգերի մասին, բայց հայերի հանդեպ թուրքերի դժգոհության մասին ոչինչ չեք լսի»։