Չնայել վրացիների գույնին, տեսքին ու ցանկություններին. Լեւոն Շիրինյան (տեսանյութ)
Հայաստանի իշխանությունները աբխազական երկաթուղու վերաբացման հարցում պասիվ դիտորդի կարգավիճակ են որդեգրել, որն ամենեւին էլ մեր երկրի շահերից չի բխում։ Սա քաղաքագետ Լեւոն Շիրինյանի կարծիքն է։ Այնինչ, ըստ քաղաքագետի, Հայաստանը այս հարցում պետք է առաջին ջութակի դեր կատարեր. «Այս ծրագիրը ռազմավարական հեռահար ունի և բխում է Հայաստանի շահերից»։ Քաղաքագետը համոզված է, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը Հայաստանը վերջնականապես շրջափակելու ծրագիր է, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած աբխազական երկաթուղին կարող է ճեղքել Հայաստանի շրջափակումը. «Երկիրը շրջափակելու ծրագիրը պատերազմական քայլ է համարվում և Կարս- Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու ծրագիրը Հայաստանը մեկուսացնելու ծրագիր է»։ Հայաստանի իշխանությունները 25 տարի շարունակ Վրաստանում իրականացնում են պասիվ քաղաքականություն, հիշեցնում է Լեւոն Շիրինյանը եւ հավելում. «Մենք բավարարվում ենք այն փշրանքներով, որ բաժին է ընկնում մեզ։ Վրացական կողմի հետ հարաբերություններում հայկական իշխանությունները պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենան, ամեն ինչ անեն իրենց շահերից բխելով՝ չնայելով վրացիների գույնին, տեսքին ու ցանկություններին»։