Հայուհուն Վիեննայում վստահվել է կարեւոր առաքելություն
Նոյեմբերի 29-ին Վիեննայի ավստրիական կենտրոնում տեղի կունենա 46-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որի ընթացքում հավաքված գումարը կուղղվի ամբողջ աշխարհում երեխաների հետ կապված տարբեր ծրագրերի իրականացմանը։
Այն կազմակերպում է Վիեննայի Միավորված ազգերի Կանանց ընկերակցությունը, որին անդամակցում են միջազգային կազմակերպությունների կին պաշտոնյաները, դեսպանների, դիվանագետների, տարբեր միջազգային կառույցներում աշխատողների կանայք։
Այս օրերին կանայք ջանասիրաբար աշխատում են,որպեսզի հնարավորինս շատ գումար կարողանան հավաքել բարեգործական այս ակցիայի ընթացքում։ Ընդ որում` գումարը ներդրվում է ոչ թե մեկ, այլ տարբեր երկրների բազմաբնույթ ծրագրերի մեջ։ Հայտերը ներկայացնում հենց տեղական կազմակերպությունները։ Լավագույններին ընտրում է Ընկերակցության Խորհուրդը։
Մի քանի օր առաջ տեղի է ունեցել 2015թ Խորհրդի նոր անդամների ընտրությունը։ Այս պատասխանատու պաշտոնում ընտրվել է նաեւ Նոնա Թումասյանը։
Նա Երեւանից Վիեննա է տեղափոխվել ընտանիքով 2012թ –ին, երբ ամուսինը աշխատանքի է անցել Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում։ Նոնա Թումասյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է։
Նախորդ երկու տարիներին եւս Նոնան մասնակից է դարձել ամենամյա բազարների անցկացմանը՝ աշխատելով որպես կամավոր։
Նա հույս ունի,որ 2015թ. Խորհրդի անդամի պաշտոնում առավել օգուտ կտա հանուն երեխաների անցկացվող այս միջոցառմանը։
Վիեննայի Միավորված ազգերի Կանանց ընկերակցությանը ֆինանսավորման հայտ կարող են ներկայացնել նաեւ հայաստանյան կազմակերպությունները։
Նախորդ տարվա ծրագրով աջակցություն է ստացել Գյումրիի «Ագաթ» կազմակերպությունը։