«Պատասխանը կլինի առավել ցավալի» (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը շեշտում է, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղյան օդուժի խփվելը ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի պահպանման ընթացքում աննախադեպ երևույթ էր ։ «Սա պարզապես ահաբեկչական ակտ էր ընդդեմ հայերիս , կարող եմ ասել, որ դա ուղղակի նենգություն էր։ Անկախ այս ամենից, մենք մեր թշնամուն լավ ենք ճանաչում, և նման դեպքերի ականատեսը առաջիկայում ևս լինելու ենք»,-ասաց Արտակ Դավթյանը՝ հավելելով նաև, որ ազերիների արկածախնդրային գործելաոճը հասնում է արդեն անմարդայնության աստիճանի։ Պատգամավորը ազերիների այս քայլը բացատրում է հետեւյալ հանգամանքով՝ Ադրբեջանում տիրող ալիևյան բռնաճնշումներից հասարակության ուշադրությունը շեղելու համար է արվում, և երկրորդ պատճառը նավթի գների անկումն է, որն էլ Ալիևին հասցրել է հիստերիայի աստիճանի։ Ըստ պատգամավորի՝ մեր կողմից համարժեք պատասխանը անպայման կտրվի, և դրա մասին էլ հայտարարել է հենց ԼՂՀ ՊՆ Մովսես Հակոբյանը։ Պարոն Դավթյանը նաև կարծում է, որ միջազգային հանրության արձագանքը տեղի ունեցած ողբերգական միջադեպին ևս համարժեք էր. «Դրանք բավականին կոշտ էին, գուցե մեր ցավն է, որ թույլ չի տալիս նկատել դա»։ Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն էլ իր հերթին հավելեց, որ քանի դեռ մենք թուրքերի հետ գտնվում ենք պատերազմական իրավիճակում՝ կլինեն դրանք ազերիներ, թե օսմանցիներ, այնուամենայնիվ մենք չպետք է կորցնենք մեր զգոնությունը, քանի որ այս լարվածությունը դեռևս երկար ժամանակ է ձգվելու, ուստի չպետք է հույսը դնել հակառակորդի մարդասիրության վրա , այլ հակառակը։ «Միշտ պետք է պատրաստ լինենք նրանց կողմից նման ստորության, իսկ մեր վառոդն էլ միշտ պետք է չոր լինի»։ Ազատ Արշակյանը դժվարացավ խորհուրդ տալ, թե այս պարագայում ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը, սակայն այս համատեքստում նա նշեց, որ պատասխանը պետք է լինի առավել ցավոտ և սոսկալի։ Բանախոսը ըմբռնումով է մոտենում նաև միջազգային հանրության զսպվածության կոչերին, քանզի այլ հայտարարությունները կհանգեցնեն անմիջական պատերազմի։