«Դեմ եմ»-ը հանձնեց նամակները (տեսանյութ)
Կառավարության մոտ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներին ընդառաջ դուրս եկավ Կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նախաձեռնության անդամներին նա առաջարկեց Ֆինանսների նախարարին ուղղված նամակը մուտքագրել իրենց մոտ: «Դեմ եմ»-ի անդամներից Մանուկ Զաքարյանը Կրթության եւ գիտության, Ֆինանսների նախարարներին եւ վարչապետին ուղղված նամակները մուտքագրեց Կառավարության աշխատակազմ: Ալեքսանդր Ղազարյանը նշեց, որ նամակի պատասխանը կլինի առավելագույնը մեկ ամսվա ընթացքում: Քիչ անց ակցիայի մասնակիցները որոշեցին ավարտել ակցիան: Արդյո՞ք նրանք համբերատար մեկ ամիս կսպասեն նամակի պատասխանին, թե կրկին կանցկացնեն բողոքի ակցիաներ, նախաձեռնության անդամները դեռ չեն որոշել: Նրանց հեռանալուց հետո ոստիկանական ուժերը դեռ երկար ժամանակ շարունակում էին խմբված մնալ Կառավարության եւ Ֆինանսների նախարարության մուտքերի մոտ: Ի դեպ, ոստիկանության մեքենաներն ու հավելյալ ուժերը խմբված էին նաեւ Կառավարության շենքի հետնամասում: ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խմբի անդամները գոհ էին իրենց աշխատանքից: Նրանց վստահեցմամբ` նաեւ իրենց ջանքերի շնորհիվ թույլատրվեց «Դեմ եմ»-ի անդամներին մոտենալ Կառավարության շենքին: Իսկ թե իրենց ուղղված ահազանգն ինչ ընթացք կունենա, ՄԻՊ ներկայացուցիչների խոսքերով` կախված է նախաձեռնության անդամների հետագա քայլերից` դիմում-բողոքներից: