Նախարարը տեղյակ չէ՞ արտագաղթի իրական թվերից
ԱԺ-ում այսօր հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հիշեցրեց, որ 455 հազար հայ դիմել է այլ պետությունների կառավարման մարմիններին՝ քաղաքացիություն կամ փախստականի կարգավիճակ ստանալու համար: «Դա օրինակ արտագաղթն է, երբ մարդն օրինական, բացեիբաց այդ մասին հայտարարում է: Սփյուռքն այդքանով ավելանում է: Նոր արտագաղթը պայմանականորեն անվանեմ նոր Սփյուռք, թեեւ գիտեմ, որ դուք հնի հետ եք աշխատում: Այսօր դուք ի՞նչ աշխատանքներ եք անում նոր Սփյուռքի ու այս արտագաղթի ուղղությամբ»: Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ իրենք եւս Սփյուռքը պայմանականորեն հին եւ նոր են անվանում. «ԱՊՀ տարածքը, ՌԴ-ն բաժանում ենք տարածքների, որ կարողանանք հեշտությամբ աշխատել»: Արամ Մանուկյանը շարունակեց հետաքրքրվել՝ արդյոք նախարարը տեղյա՞կ է իրական արտագաղթի թվերի մասին, այլ ոչ թե պաշտոնականի մասին: «Իրականն այն է, ինչ վիճակագրությունն է մեզ տալիս»,- պատասխանեց Հրանուշ Հակոբյանը: