Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«330 մլն. դրամ` Արարատի մարզին. արդյո՞ք Հովիկ Աբրահամյանը դեր է խաղացել» (տեսանյութ)

Քաղաքականություն
38f01ed9c9d05e4a08df072d6cdf6903

ԱԺ-ն այսօր քննարկում է գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտների 2015թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերն ու եկամուտները: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին մտահոգել էր բյուջեում կրթության ոլորտի վերջին տողը, որտեղ նշված է, որ կրթության ծախսերը 0.3 տոկոսով կրճատվել են. «Այս տողը կարդալով՝ մի տեսակ լարվածություն է առաջանում: Սա բացատրեք, որ այդ լարվածությունն անցնի, քանի որ այս ոլորտը խիստ հոգածության կարիք ունի»: Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ կրթության ծախսերը ավելի քան 11 մլրդ դրամով ավելացել են, միայն պակասել են կապիտալ ծախսերը: Բանավեճ տեղի ունեցավ Պավել Սաֆարյանի եւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի միջեւ: Նա նախ խնդրեց նշումներ անել, քանի որ իր թվերն պարոն Սաֆարյանի թվերի հետ չեն բռնում: Ըստ պարոն Մանուկյանի՝ հարյուր հազար աշակերտ պակասել է այս տարի: Նրան հետաքրքրում էր՝ արդյոք ըստ մարզերի հավասարաչափ է բաշխված ֆինանսավորումը: Պարոն Մանուկյանի տվյալներով, օրինակ, Արարատի մարզում միայն 330 մլն դրամ հատկացվել է սննդի համար. «Արդյոք վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործո՞նն է այստեղ դեր խաղացել»: Պավել Սաֆարյանի վստահեցմամբ՝ իրականության մեջ լրիվ այլ բան է, Արամ Մանուկյանի ներկայացրածը՝ լրիվ այլ. «Կան ծրագրեր, որ հավասարաչափ են: Ամբողջ հանրապետությունում ֆինանսավորումը լինում է մեկ աշակերտի բանաձեւով: Իսկ Արարատի մարզում սննդի ֆինանսավորման ավելացումը Հովիկ Աբրահամյանի հետ կապ չունի։ Հիմա Արարատի մարզը դիտարկենք որպես սոցիալապես ամենա անապահով մա՞րզ»: