Անդրադարձ՝ ԼՂ հիմնախնդրի շուրջ ընթացող միջազգային քննարկումներին
Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Վահրամ Աթանեսյանը և Արտակ Զաքարյանը: Ողջունելով համատեղ նիստի մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորել է Արցախի և Հայաստանի օրենսդիրների միջև տարբեր ձևաչափի հանդիպումները, որոնք նպաստում են հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև համագործակցության ամրապնդմանը: Կողմերը, որոնց կազմում ընդգրկված էին ԼՂՀ և ՀՀ խորհրդարանական տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ, քննարկել են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող քննարկումներին ՀՀ պատվիրակությունների գործունեությանն ու արդյունքներին, ինչպես նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այնուհետև ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Արցախի խորհրդարանում անցկացրել է իր արտագնա հերթական նիստը: ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն