Երեխաները խաղում են տարածքում, որտեղ թաղված են շների ոսկորները (տեսանյութ)
Թափառող շների կացարանից լսվող ձայներն ու տարածվող գարշահոտությունը Նոր Արտամետում բնակվելն ուղղակի անտանելի են դարձրել։ Բնակիչները պնդում են՝ կացարանում շներին վառում են, թեեւ այդ արգելված է։ Այս մասին բնակիչները կադրից դուրս են համաձայնվում պատմել. «Ամեն օր լաց, ոռնոց շների, ահավոր հոտ է, սպանություն՝ ամեն օր»։ Կացարանը անմխիթար վիճակում է։ Նույն վանդակում են շները սնվում եւ հոգում իրենց բնական կարիքները, տարածքը լի է դեղերի սրվակներով։ Շներն ամեն օր ուտում են այս դույլի պարունակությունը, որից հետո դժվար է ասել՝ լույսը կբացվի նրանց համար, թե ոչ։ Կացարան այցից առաջ մի խումբ քաղաքացիներ Երեւանի քաղաքապետարանի մոտ ակցիա էին կազմակերպել։ Նրանք Տարոն Մարգարյանից պահանջում էին դադարեցնել շների սպանդը։ Պետբյուջեից տարեկան 220 միլիոն դրամ է դուրս գրվում՝ թափառող հիվանդ շներին քնեցնելու, առողջներին՝ ստերիլիզացնելու համար։ Քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանը հակադարձում է՝ հրազեն չեն կիրառում շների նկատմամբ. Ինչ վերաբերում է հատկացվող գումարին.«Հաջորդ տարվանից կնվազի բյուջեից դուրս հանվող գումարը»,-ասում է Ա.Հունանյանը։ Պարոն Հունանյաը հայտարարում է, թե քաղաքապետարանի գործողություններն ուղղված են քաղաքացիների առողջության պահպանմանը։ Իսկ այդ գործողությունների արդյունքում Նոր Արտամետում փոքրիկ երեխաները ստիպված են խաղալ տարածքում, որտեղ թաղված են շների ոսկորները։