Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ էր Գալուստ Սահակյանը եկել Վարդան Այվազյանի աշխատասենյակ

Քաղաքականություն
galust-sahakyan

ԱԺ Տնտեսական հարցերրի հանձնաժողովն այսօր քննարկեց նաեւ «Շրջանառության հարկի մասին» օրենքում կառավարության ներկայացրած նոր փոփոխությունները, որոնք գործադիրը կատարել էր՝ ՓՄՁ ներկայացուցիչների բողոքի ալիքից հետո: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը եւս մեկ անգամ տեղեկացրեց, որ տնտեսվարողների կողմից ապրանքների մասին տեղեկությունների ներկայացման ժամկետը այս տարվա հոկտեմբերրի մեկից հետաձգվել է 2015 փետրվարի 1-ը: Օրենքի փոփոխությունները բուռն քննարկման առիթ դարձան պատգամավորների համար: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նկատեց, որ գոյություն ունի փոքր ու միջին բիզնես, որտեղ չկա շահութահարկ ու ԱԱՀ, կա միայն շրջանառության հարկ. «Ի՞նչ է ՓՄՁ-ն: Դա լավ հասկանալու համար, պատկերացրեք՝ գոլ խփելու համար կա ֆուտբոլի դաշտ, չէ՞: Հիմա այդ մարդկանց ասում եք՝ ունեցեք ավելորդ փաստաթղթեր, պահեք հաշվապահ: Դուք այդպիսով ոչնչացնում եք փոքր բիզնեսը, այն դարձնում եք խոշոր: Եթե ՓՄՁ-ն ապրանքի ձեռքբերման թղթեր է ներկայացնում, նա դառնում է խոշոր»: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը խնդրի լուծման համար առաջարկեց մեղմացնել հարկային ռեժիմները, որ եղած քիչ ՓՄՁ-ն էլ չփակվի. «Ստացվում է՝ պետական սահմանի վրա խոշոր բիզնեսի վարչարարությունը ստուգելու համար պատասխանատվությունը դնում ենք փոքրի վրա: ՓՄՁ-ից քիչ փաստաթղթեր ուզեք, որ այն բարգավաճի»: Այս տարբերակի հետ համամիտ չէր ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը. «Այդպես բարգավաճելով՝ ստվերն են ավելացնելու»: Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ընդհատեց՝ ասելով, որ շատ ՓՄՁ-ներ ոչ թե փակվել են, այլ մտել են խոշորի դաշտ եւ ապա հիշեցրեց, որ այս օրենքի կիրարկումն արդեն հետաձգվել է, եւ ամեն ինչ կարգին է լինելու: «Հետո էլ՝ առաջ Աստված»,- նրա միտքը շարունակեց ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: «Թե մի բան կա, ասեք, մենք էլ իմանանք, ի վերջո, իշխանություն եք, մի բան կիմանաք»,- կատակեց Հրանտ Բագրատյանը: Վարդան Այվազյանը, եւս մեկ անգամ կարեւորելով այս օրենքի ընդունումը, պատճառաբանեց, որ նպատակն այն է, որ տնտեսվարողը «10 հազարանոց շուբան չբերի տասը դրամանոց մայկի տակ անցկացնի»: Այնուհետեւ Վարդան Այվազյանը 30 րոպե ընդմիջում խնդրեց, սակայն ընդմիջումից հետո հանձնաժողովը չշարունակեց աշխատանքները: Պատգամավորների մի մասը քննարկումը շարունակեց նրա աշխատասենյակում: Քիչ անց նրանց միացավ նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ինչպես ավելի ուշ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Վարդան Այվազյանը՝ ԱԺ նախագահը նման այցեր հանձնաժողովներ պարբերաբար ունենում է, ոչ մի զարմանալի բան այստեղ չկա: Ինչ վերաբերում է «Շրջանառության հարկի մասին» օրենքին, ապա նրա տեղեկացմամբ, այն 24- ժամյա ռեժիմով մտցրել են ԱԺ օրակարգ, որպեսզի տնտեսվարողների տույժ-տուգանքների հարցն արագ լուծում ստանա: Ի դեպ, առանց քննարկման ԱԺ օրակարգ մտավ նաեւ Կառավարության ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելուն» մասին օրենքը: