«Մենք կանք ու մնալու ենք ընդդիմություն, քառյակին չենք միանա»
Հանրահավաքի նպատակը երեկ հնարավորինս շատ ժողովուրդ հավաքելն էր. hամոզված է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը. «Նրանք իշխանությանը ուզում էին ցույց տալ, որ կա դժգոհ մի զանգված, եւ հենց իրենք են ղեկավարում այդ զանգվածը, որպեսզի իշխանությանը ստիպեն առաջին քայլը անի եւ իրենց հետ գա երկխոսության»։ Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում երեւում էր, որ մարդիկ եկել են կոլեկտիվներով, ասում է Արամ Սարգսյանը, իսկ դրա համար համապատասխան միջոցներ ու ֆինանսներ են պետք։ «Ա1+»-ի հարցին,թե նկատի ունեք ավտոբուսներո՞վ են մարդկանց բերել, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Տեսանելի է եւ հասկանալի, որ ինչ-որ բան արվել է, բայց եթե ինքնաբուխ են եկել, ավելի լավ»։ Երեկ Ազատության հրապարակում խոսվեց նաեւ առաջիկայում կայանալիք հանրահավաքների մասին։ Դեմոկրատական կուսակցության նախագահը վստահ է, որ ընդդիմությունն ընդմիջում վերցրեց, որպեսզի տեսնի իշխանության արձագանքը. «Էն որ ասեցին հետո կխոսենք, հենց դրա համար էր». (նկատի ունի Գագիկ Ծառուկյանին, ով ասեց, որ կխոսի հաջորդ անգամ-խմբ.)։ Կմիանա՞ արդյոք Դեմոկրատական կուսակցությունը քառյակին (հիշեցնենք, որ երեկ ՀԺԿ-ն միացավ եռյակին)։ Արամ Սարգսյանը բացառեց դա. «Մենք որեւէ գաղափարական ընդհանրություն չունենք նրանց հետ։ Մենք կանք ու մնալու ենք ընդդիմություն։ Մենք ամենախիստ ձեւով քննադատելու ենք իշխանություններին եւ պատրաստվելու ենք ընտրություններին։ Բայց իրանց հետ մենք չենք գնա»։