Բնակարաններ կնվիրվեն Երեւանի տոնի կապակցությամբ
Երեւան քաղաքի 2796-րդ տարեդարձի առթիվ, շախմատի բնագավառում ունեցած մեծ վաստակի, ներդրած նշանակալի ավանդի և շախմատի զարգացումը խթանելու համար միջազգային գրոսմայստեր, հանրահայտ շախմատիստ Լևոն Գրիգորի Արոնյանին շնորհվելու է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ Հարցն ընդգրկված է Երեւանի ավագանու վաղվա նիստում։ «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչմանը վաղը կարժանան նաեւ գրող, հրապարակախոս Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյանը, Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակահար եւ գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Էդուարդ Զոհրաբի Թադեւոսյանը, բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Սուրենի Դանիելյանը։ Բնակարաններ կտրամադրվեն Երվանդ Ղազանչյանին եւ Վարդուհի Վարդերեսյանին։ Մամիկոնյանց փողոցի հ.41 շենքի հ.10 բնակարանը անշարժ գույքի սեփականության իրավունքով անհատույց կնվիրվի Վարդուհի Վարդերեսյանին։ Իսկ Մարգարյան փողոցի հ.37 շենքի հ.55 բնակարանը սեփականության իրավունքով անհատույց կնվիրվի Երվանդ Ղազանչյանին։