Գործարարները շահույթից մուծումներ են անում կուսակցությա՞նը (տեսանյութ)
«Հուսով եմ, որ ԵՏՄ մուտք գործելու պայմանագիր մեր երկիրը չի ստորագրի, քանի որ այդ միությունը ոչինչ չունի տալու Հայաստանին»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։ Անդրադառնալով ձեռներեցների ցույցերին` նա նշել է, որ ճիշտ է համարում նրանց քայլը, և դա կարող է արդյունք տալ։ «Սամվել Ալեքսանյանը և ուրիշ գործարարներ լիարժեքորեն հարկ չեն վճարում, բայց վստահ եմ, որ իրենց շահույթից որոշակի մաս վճարում են բյուջե, մյուսն էլ տալիս կուսակցությանը»,-կարծում է Ասատրյանը։ Եկող տարվա համար Բագրատ Ասատրյանը 3 տոկոսից ցածր տնտեսական աճ է կանխատեսում և վստահ է, որ դրանով ոչ մի էական հարց երկրում չի լուծվի։ «Ոչ մի նախադրյալ չկա, որ վիճակը լավ է լինելու։ Գոտիներս ձգենք, որովհետև ավելի վատ ենք ապրելու»,-ասել է Բագրատ Ասատրյանը։ ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ հավանաբար ստորագրելու ենք ԵՏՄ պայմանագիրը, բայց դրանից մեծ հույսեր ինքը չունի։ Եռյակի գործունեությունն էլ դրական է համարում, բայց կարծում է, որ այդ ուժերը պետք է մեկ միասնական ծրագրով հանդես գային՝ չբավարարվելով հայտարարած 13 կետերով։