Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վազգեն Մանուկյանը՝ Սուրիկ Խաչատրյանի նշանակման մասին

Քաղաքականություն
6e01ff7df0ca8e715c04ccf378a4b803

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Սուրիկ Խաչատրյանին նորից Սյունիքի մարզպետ նշանակելը։ Այս հարցն ուղղվել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին։ «Ցանկացած պետությունում, եթե որևէ պաշտոնյայի անվան շուրջ աղմուկ է բարձրանում, անկախ նրանից` մեղավոր է, թե չէ, կա՛մ ինքն է հրաժարական տալիս, կա՛մ թիմն է նրան հեռացնում, որպեսզի չխանգարի թիմին առաջ գնալ, իշխանությունը պահել և իրականացնել այն քաղաքական ծրագրերը, հանուն որոնց իշխանության են եկել: Այս տեսանկյունից մի մարդու ճակատագիրը դառնում է երկրորդական: Դեմոկրատական երկրներում դա նաև պայմանավորված է ընտրություններով, քանի որ հանրությունն իր ձայնը չի տա այն ուժերին, որոնց պաշտոնյաները սկանդալների մեջ են ներքաշված: Բայց նույնիսկ ոչ դեմոկրատական երկրներում, եթե մարդու նկատմամբ առաջանում է հասարակական բացասական տրամադրություն, մի կողմ թողնենք, թե որքանով է դա պատճառաբանված, այդ մարդուց հրաժարվում են: Խորհրդային Միությունը դեմոկրատական երկիր չէր, բայց եթե որևէ մեկի մասին ֆելիետոն էին գրում կամ քննադատություն հնչեցնում, նրան անմիջապես հեռացնում էին: Որովհետև ցանկացած իշխանություն, լինի դեմոկրատական, թե ոչ դեմոկրատական, հասկանում է, որ երկիր կարելի է կառավարել միայն այն դեպքում, եթե երկրի իշխանության ու որոշ բարոյական արժեքների նկատմամբ հանրության վստահությունը խախտված չէ, եթե անպատժելիության մթնոլորտ չի ստեղծված: Այս տեսանկյունից, կարծում եմ, նշանակումը չի համապատասխանում իմ ասածներին, դեռ մի կողմ թողնենք Խաչատրյանի անձը, այդ հարցը չեմ էլ ուզում քննարկել:Բայց, տեսնելով ինչ է կատարվում Հայաստանում վերջին տասնամյակներում, անկեղծ ասեմ, ավելի շատ զարմացել էի, երբ նրան հեռացրեցին պաշտոնից, քան երբ նորից նշանակեցին»,- ասել է Վազգեն Մանուկյանը։ Ամբողջական հարցազրույցն այստեղ