Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ուկրաինացիները երազում են խաղաղության մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
ukraina

Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի հենց մուտքից արդեն ուկրաինական մթնոլորտ է։ Հայաստանում ուկրաինական համայնքը նշում է գրող եւ նկարիչ Տարաս Շևչենկոյի 200-ամյակը։ Հայ-ուկրաինական կապերը ամրապնդելու համար առաջին հերթին կարեւոր են դիվանագիտական հարաբերությունները։ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան միջոցառման պատվավոր հյուրն է։ Դեսպանը շնորհակալություն է հայտնում ուկրաինական համայնքին ՝ անշահախնդիր աշխատելու համար. «Նրանք առանց գումար ստանալու հայկական հողում ներկայացնում են ուկրաինական մշակույթն ու պատմությունը։ Այսօր էլ Շեվչենկոյի ծննդյան օրն են նշում, դա նույնպես շատ կարեւոր է։ Տարասը մեծ գրող էր, մեծ հայրենասեր։ Եթե նա կենդանի լիներ, ապա այսօր Մայդանի առաջին գծում կանգնած կլիներ»։ Ուկրաինայում վիճակը կայունանում է՝ վստահեցնում է դեսպանը։ Պատերազմական իրավիճակում Հայաստան տեղափոխված Ուկրաինայի քաղաքացիները շատ են եղել, սակայն նրանցից ոչ մեկը, դեսպանի հավաստմամբ, դեսպանատուն չի դիմել՝ օգնության խնդրանքով. «Մենք այստեղ ենք, որպեսզի պետք եղած դեպքում օգնենք Ուկրաինայի քաղաքացիներին, թե տեղեկատվություն ստանալու, թե այլ հարցերում»։ Ուկրաինուհի Նադեժդա Միրզոյանը արդեն 30 տարի է՝ ապրում է Հայաստանում, մի քանի ամիս առաջ, չնայած Ուկրաինայի պատերազմական իրավիճակին, գնացել էր հայրենիք, սեփական աչքով տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ. «Իհարկե, սիրտս ցավում է հայրենիքիս համար։ Հիմա Հայաստանում եմ ապրում, սա էլ է ինձ համար հայրենիք, բայց այստեղ փառք Աստծո համեմատաբար խաղաղ է, իսկ Ուկրաինայի համար ես շատ եմ մտահոգվում»։ Այսօր Հայաստանի ուկրաինական համայնքն ունի 1000-ից ավել անդամ։ Նրանք բոլորը միայն մի ցանկություն ունեն՝ թե Ուկրաինայում, թե Հայաստանում պետք է խաղաղություն տիրի։