«Արամ Ա-ի հայտարարությունից հետո եկեղեցու պայթեցումը պատահական չէր»
Սեպտեմբերի 18-21-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եկեղեցական- ներկայացուցչական 5-րդ ժողովը, որի ընթացքում քննարկվեց եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող մի շարք հարցեր: Կարևորագույնը ժողովում կանոնադրության ընդունումն էր, որին հաջորդում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին սպասվող միջոցառումների շարքը: Սիրիահայության, քեսաբահայության ու առկա այլ մարտահրավերներին անդրադառնալով՝ Տ. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նշեց, որ համազգային կոորդինացիայի խնդիր կա. «Պետք է մտածել սիրիահայերին Հայաստանում տեղավորելու և նրանց ապագայի խնդիրները լուծելու մասին»,- ասաց եպիսկոպոսը: Անդրադառնալով Սեպտեմբերի 21-ին Դեյր Զորի Սուրբ Նահատակաց եկեղեցու պայթեցմանը, եպիսկոպոսը ընդգծեց ինչպես մամուլում, այնպես էլ տարբեր հարթակներում հնչած այն կարծիքները, թե պատահական չէր Սիսի կաթողիկոսարանի նկատմամբ Արամ Ա-ի պահանջի ձևակերպումից հետո եկեղեցու պայթեցումը։ «Ես չեմ ուզում վերադառնալ այդ մեկնաբանություններին, բայց հստակ է, որ այն ուղղված է ոչ միայն եկեղեցու` որպես պատմամշակութային և պաշտամունքային հուշարձանի, այլ ընդհանրապես ցեղասպանության` մեր ժողովրդի ընկալումների և մեր ժողովրդի սպասելիքների հետ»,- ասաց Տ. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` հավելելով, որ փորձ է արվում ահաբեկչության միջոցով վիժեցնել այն գործընթացը, որը 100 տարի շարունակ մեր ժողովուրդը սնուցել է իր սրտում, որպես պահանջատիրություն: