Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանի առաջարկը չանցավ (տեսանյութ)

Քաղաքականություն
նննն2

Ընդամենը 1,5 մլրդ դրամով հնարավոր կլինի պետական մակարդակով հոգալ հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող առավել խոցելի համայնքների սոցիալական խնդիրները: Սա ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկն է: Նա այսօր Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացրեց «Սահմանապահ համայնքների մասին» նոր օրինագիծը: Պատգամավորն առաջարկում է բազմաթիվ արտոնություններ. «Նախատեսվում է սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու եւ ոռոգման ջրի ամսական վճարի 50 տոկոսը փոխհատուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից»:   Նիկոլ Փաշինյանն առաջարկում է նաեւ սահմանապահ համայնքներին ազատել հողի եւ գույքահարկերից, դոտացիաների չափով օգնություն երիտասարդ ընտանիքներին ու առողջապահության նպատակներով: Նրա կարծիքով` պետք է փոխել նաեւ կառավարության կողմից ներկայացվող մի ձեւակերպում. 2 մլն դրամի չափով միանվագ օգնություն է տրվում ադրբեջանական գործողությունների հետեւանքով զոհվածների ընտանիքներին` հուղարկավորության ծախսերի համար. «Կարող է լինել այնպիսի տպավորություն` օրենքով մարդու կյանքը գնահատել ենք ընդամենը 2 մլն դրամ: Ես կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքն անգին է»: Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը, դեմ չլինելով ներկայացվող առաջարկներին, միաժամանակ կարծում է, որ դրանք չպետք է առանձին օրենքով ներկայացվեին. «Եթե սա լիներ փոփոխությունների փաթեթ տարբեր օրենքներում, ես միանգամից կողմ եմ քվեարկում: Մեր ունեցած մյուս օրենքներին կհակասի»: Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը առաջարկեց մի որոշ ժամանակով հետաձգել` այս օրինագիծը քառօրյա նիստերի օրակարգ մտցնել, քանի որ կառավարությունն իր կողմից եւս ունի նմանատիպ մի որոշում, որը 2 օրից քննարկման է դնելու. «Կընդունեք մեր առաջարկությունը եւ մենք շատ արագ կամփոփենք եւ վերջնական ձեւի մեջ ինչ-որ բովանդակություն կունենանք»: «Ըստ էության առաջարկվում է եղած նախագիծը հետաձգել հանուն չեղած նախագծի»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը: 10 րոպե ընդմիջումից հետո հանձնաժողովը օրինագիծը դրվեց քվեարկության: Դրական եզրակացությանը կողմ արտահայտվեց միայն Նիկոլ Փաշինյանը: Մյուս 5 պատգամավորը ձեռնպահ եղան: