Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրապետականը Սերժ Սարգսյանինը չէ». Էդ. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov

Ազգային Ժողովի փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը չի պնդում, որ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը որեւէ պաշտոնի չի հավակնելու. «Այստեղ մի խնդիր կա՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը լինելու է կուսակցության առաջնորդ»։ Պարոն Շարմազանովը շարունակում է՝ Սերժ Սարգսյանը դեռ շատ երկար տարիներ է ղեկավարելու Հանրապետականը, իսկ Հանրապետականը երկար տարիներ լինելու է Հայաստանի ամենաազդեցիկ կուսակցությունը. «Մեր կուսակցությունն է այդպես ուզում»։ Գալիս են ժամանակներ, երբ, ըստ պարոն Շարմազանովի, կարեւորվելու է ոչ թե մեկ քաղաքական գործչի, ներկա կամ նախկին նախագահների դերակատարումը, այլեւ ամբողջ քաղաքական թիմի, Հանրապետականն ու Սերժ Սարգսյանը այսուհետեւ իրարից անբաժան են. «Սերժ Սարգսյանը Հանրապետականինն է, Հանրապետականը Սերժ Սարգսյանինը չէ»։ Պարոն Շարմազանովը տեղյակ է, որ քաղաքակիրթ երկրներում կուսակցության կամ իշխող քաղաքական ուժի առաջնորդը երբեք առանց ղեկավար պաշտոնի չի մնում։ Ինքն ասում է, որ Ամերիկայում այդպես չէ։ Բայց Եվրոպայում այդպես է. «Եվրոպայում էդպես ա, դե Հայաստանն էլ պետք ա ընտրի այն մոդելը, որը որ ընդունելի ա Հայաստանի համար»։ Պարոն Շարմազանովը փաստում է, որ սահմանադրական բարեփոխումները իրականացվում են նաեւ քաղաքական ուժերի պահանջով, նաեւ ընդդիմադիր։ Բայց ընդդիմադիր 4 ուժերից երեքը դեմ են բարեփոխումներին, ինչու՞ հանրապետականը չի հրաժարվում դրանցից. «Մեր մոտ քաղաքականությունը դարձել ա կապրիզ»։ Հանրապետականի ներկայացուցիչն ասում է, որ անցյալ տարվա նախագահի ընտրություններից առաջ նրանք բարեփոխումներ էին ուզում, այսօր դեմ են բարեփոխումներին, ծիծաղելի է. «Չի կարելի մինչեւ մի պահ ասել՝ էս երկրի պրոբլեմները համակարգային փոփոխությունների մեջ է, էս երկրի պրոբլեմները կառավարման ձեւի ու համակարգի մեջ է, իսկ հետո կանգնել ասել՝ բա գիտեք ինչ կա, հիմա ժամանակը չի, եկեք 18-ից հետո անենք»։ Փոխխոսնակը տրամաբանություն է ուզում, այլապես վաղն էլ կարող են հրաժարվել 12 կետերից, մյուս օրը նորից առաջադրել 12 կետ։