Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՀ հարցի կարգավորման հետ կապ չունի» (տեսանյութ)

Քաղաքականություն
ashot

Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը ստեղծված աշխարհաքաղաքական կարծրացած իրավիճակում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա սցենարներից մեկը համարում է այն,որ մոտակա մեկ-երկու տարվա ընթացքում, եթե չլինի միջուկային պատերազմ, ապա Ղարաբաղը շարունակելու է լինել Ռուսաստանի ազդեցության տարածք, որտեղ այլ երկրները գործելու են մեծ զգուշությամբ։ Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ տարածաշրջանային նմանատիպ հարցերում թելադրանքը ավելի շատ լինելու է ռուսական կողմից, քանի որ տարածված է այն կարծիքը, որ ԱՄՆ-ն կամ Եվրոպան շահագրգռված չեն Ղարաբաղյան կոնֆլիկտով, այլ շահագրգռված է Ռուսաստանը՝ այստեղ զորք մտցնելու և հաղորդակցական միջանցքը փակելու համար։ «Իսկ որ Ռուսաստանը կարող է ինչ-ինչ պայմաններով նման ցանկություն ունենալ, դա միանշանակ է, այսինքն` Ռուսաստանը կարող է փակել կովկասյան միջանցքը՝ այդ կերպ մեծ խնդիրներ ստեղծելով Եվրոպայի համար՝ էներգակիրների հարցում»,- շեշտեց Ա. Մանուչարյանը։ Միեւնույն ժամանակ նա հավելում է, որ նման շահագրգռվածություն կարող է ունենալ նաև Ամերիկան, քանի որ նա հիմա Եվրոպային թելադրում է, որպեսզի վերջինս ավելի սերտ կապվի իրենց հետ՝ էներգետիկ կախվածությունը Ռուսաստանի տիրապետության տակից ամբողջությամբ ազատելու համար։ Բանախոսի համոզմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ կամ այլ նման կառույցներ Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ որևէ կապ չունեն։ Ըստ նրա՝ դա ընդամենը տարածաշրջանում հավասարակշռությունը պահելու և կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունները պահելու համար է։ «Ղարաբաղյան կոնֆլիկտը որպես լծակ օգտագործվելու է Ռուսաստան- Ամերիկա առճակատման մեջ՝ որպես միմյանց խեղճացնելու մեթոդ»,-ասաց նա։