Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողները պետք է գնան մինչեւ ՄԻԵԴ. Իրավապաշտպանը՝ լրագրողի հանդեպ բռնության մասին

Հասարակություն
hakaharvac_3

Մինչեւ իշխանությունները խոսքից չանցնեն գործողությունների, այսպիսի դեպքերը կկրկնվեն. անդրադառնալով սեպտեմբերի 9-ին ԱԺ մուտքի մոտ «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնությանը՝ նշեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը. «Ժողովրդավարական երկրում միշտ լինում են այդպիսի ակցիաներ: Հիմա հակառակ կողմից նայենք. իրավունք ունե՞ր անվտանգության պետը պոկել պաստառը: Դա պետք է աներ քաղաքակիրթ, առանց միջադեպերի: Այստեղ լրագրողի աշխատանքն էր խոչընդոտվում, տուժողը դառնում է լրագրողը»: Իսկ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը հիշեցնում է, որ ակցիաներ լուսաբանելիս գրեթե միշտ խոչընդոտվում է լրագրողների աշխատանքը եւ նրանք են տուժում: Իրավապաշտպան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ անդամ Տիգրան Եգորյանն էլ ավելացրեց, որ լրագրողը պետք է հետեւողական լինի, դիմի դատական տարբեր ատյաններ եւ եթե հաջողության չհասնի, ապա Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմի: «Ճիշտ է, սկզբում բախվում են պատին, սակայն հետագայում նման հաստագլուխները եւ սափրագլուխները իրենց թույլ չեն տա այդպես վերաբերվել ոչ միայն լրագրողների, այլ նաեւ հասարակ քաղաքացիների հանդեպ»,- ավելացրեց իրավապաշտպանը: Լրագրողական կազմակերպությունները երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով բռնությունը եւ դա համարելով լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտում՝ հետեւաբար քրեորեն պատժելի արարք: Նրանք պահանջում են ԱԺ-ից պատասխանատվության ենթարկել ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանին՝ միաժամանակ դատախազությունից պահանջելով հայտարարությունը դիտել որպես հաղորդում հանցագործության մասին: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ Բաղրամյան մուտքի մոտ «Հակահարված» խմբի ակցիան լուսաբանելիս բռնություն էր գործադրվել «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ: Ակցիայի կազմակերպիչները «Բարեւ Ռոբ» գրությամբ պաստառով հիշեցնում էին 13 տարի առաջ «Առագաստ» սրճարանում այդ կերպ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ողջունած Պողոս Պողոսյանի սպանությունը: