«Էյր Արմենիա»-ն չի կարողանում փոխանցումներ կատարել սանկցիաների պատճառով
«Էյր Արմենիա» Ավիաընկերությունը տեղեկացնում է, որ իր կողմից իրականացված վճարումները չեն հասնում հասցեատիրոջը, քանի որ Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից կիրառվել են սանկցիաներ ՍՆՊ ռուսական բանկի նկատմամբ, որտեղ և գտնվում են «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա» պետական վարչական ունիտար կազմակերպության հաշիվները: Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիայի հետ տվյալ տեխնիկական խնդիրները քննարկելուց հետո եկել ենք համաձայնության, որպեսզի տվյալ գումարները փոխանցվեն ռուբլով։ Այս մասին հայտնում է ավիաընկերությունը՝ պաշտոնական հաղորդագրությամբ։ Իրականացվել են 200 հազար դոլարին համարժեք ռուբլով փոխանցումներ, որոնք հասել են հասցեատիրոջը: Սակայն հերթական 108 հազար դոլարին համարժեք ռուբլու փոխանցման ժամանակ «Ամերիա բանկը» գրավոր տեղեկացրեց մեզ, որ վերոհիշյալ սանկցիաների պատճառով տվյալ փոխանցումն հնարավոր չի իրականացնել: Դրանից հետո «Էյր Արմենիա» ընկերության Մոսկվայի ներկայացուցչության վարած բանակցությունների արդյունքում եկանք պայմանավորվածության, որ «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա պետական վարչական ունիտար կազմակերպությունը մինչև սեպտեմբերի 21-ը կներկայացնի այլ բանկային տվյալներ (բանկ, որը չի գտնվում սանկցիաների տակ) փոխանցումները իրականացնելու համար: Համապատասխան նոր հաշիվներ ստանալուց հետո բոլոր գումարները ժամանակին կվճարվեն: Տեղեկացնում ենք բոլոր ուղևորներին, որ «ԷՅՐ ԱՐՄԵՆԻԱ» ավիաընկերությունն իրականացնում և իրականացնելու է իր չվերթները ըստ չվացուցակի. Հայտնում է ավիաընկերությունը։