Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴ փոփոխությունները՝ ռեֆորմ Դաշնակցության համա՞ր (տեսանյութ)

Քաղաքականություն
c574bb697c33e0123a207d2540f760cf

Բարգավաճ Հայաստանը սահմանադրական բարեփոխումների բովանդակության դեմ ոչ մի խնդիր չունի։ «Մենք ասել ենք, որ բովանդակային քննարկման մեջ չենք էլ պատրաստվում մտնել»,- կրկնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ Տիկին Զոհրաբյանը հիշեցնում է՝ մեր երկրի քաղաքական ոչ մի մարտահրավեր Սահմանադրական չէ։ Ինքը տպավորություն ունի, որ փոփոխությունները ծառայելու են իշխող քաղաքական ուժից նոր կոմունիստական կուսակցություն ստանալուն. «Գործող Սահմանադրության մեջ ֆիքսված չէ, որ մեր արդարադատության համակարգը պիտի լինի աշխարհի ամենակոռումպացված, ամենաայլանդակ եւ ամենաանբարո համակարգերից մեկը»։ Առաջիկայում քառյակը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների մասին իր տեսակետը ներկայացնել հասարակությանը, մարզերի բնակիչներին։ Նրանց կասվի, որ սահմանադրական փոփոխությունների մասին արժե մտածել միայն այն ժամանակ, երբ քաղաքացին իր երկրից մազապուրծ չի փախչում. «Ընտրելով ամենավերջին եվրոպական երկրի ամենախայտառակ փշալարերով ճամբարը իր Հայրենիքից»։ Պատգամավորին հայտնի է, որ իշխանությունն արդեն, իր բառերով խոսել է ժողովրդի հետ եւ եզրակացրել, որ ժողովուրդը կողմնակից է կառավարման խորհրդարանական համակարգին։ Ինքը համաձայն չէ, բազմիցս տեսել է, թե ինչպես է բնակչությունը քնել այդ քննարկումների ժամանակ. «Դրանք ինձ հիշեցնում էին Բրեժնեւի Ցելինայի քննարկումները, երբ որ, ասենք, գյուղսովետի շենքում հավաքվում էին, գյուղապետարանի կամ մարզպետարանի շենքում հավաքվում էին մարզպետարանի ներկայացուցիչները, նրանցից 90 տոկոսը ննջում էր սահմանադրական այդ քննարկումների լիկբեզի ժամանակ»։ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի համար բովանդակային միակ թեման այն է, որ չպետք է լինի խորհրդարանական ոչ մի համակարգ։ Ինքն էլ է կարծում, որ եղած Սահմանադրությամբ կարելի էր իրականացնել փայլուն ընտրություններ, պայքարել կոռուպցիայի դեմ։ Սերժ Սարգսյանն էլ է դեմ խորհրդարանական կառավարման մոդելին։ Ուրեմն ինչու՞ է ուզում փոխել Սահմանադրությունը. «Սերժ Սարգսյանն ունեցել է բավականին խորամանկ պլան։ Ինքը պետք է շրջանցեր երրորդ ժամկետ ընտրվելու սահմանադրական արգելքը հենց անցումով դեպի խորհրդարանական համակարգ, իսկ այդ անցումը մատուցեր որպես զիջում հասարակական ճնշմանը, որպես զիջում ընդդիմությանը»։ Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների կարեւորությունը բացատրում էր քաղաքական ուժերի պահանջով։ Այսինքն, ըստ քաղաքական ուժերի, գործող Սահմանադրությունը նրանց հնարավորություն չի տալիս քաղաքական մեծ դեր ունենալ երկրի քաղաքական կյանքում։ «Սա սուտ է»,-ասում է ընդդիմադիր պատգամավորը. «Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ ինքը չի ցանկանում դա, ընդդիմությունը չի ցանկանում, միակ ուժը, որ ցանկանում է խորհրդարանական համակարգ, Դաշնակցությունն է։ Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ սա ռեֆորմ է Դաշնակցության համա՞ր։ Աբսուրդ է, չէ՞»։ Այսօր սահմանադրական փոփոխությունների քննարկումներն, ըստ պարոն Զուրաբյանի, իրականում բանավեճ է Սերժ Սարգսյանի վերարտադրման կողմնակիցների եւ Սահմանադրական կարգի պահպանման կողմնակիցների միջեւ։ Պատգամավորը փաստեց, որ քառյակն այս ընթացքում հանդիպումներ է ունենալու մարզերի բնակիչների միջեւ, կներկայացվեն 12 կետերը եւ սահմանադրական բարեփոխումները (ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան-14501-0.05.31-Սահմանադրական փոփոխությունների հարցը գնալով դառնում է ավելի կարեւոր, կարող է ինչ-որ պահից դառնալ նաեւ գլխավոր հարցը, որովհետեւ ինքը անմիջականորեն իշխանափոխության հարցի հետ է կապված)։ Կլինի՞ Դաշնակցությունը մարզեր մեկնող քառյակի մյուս ուժերի հետ։ Այս պահին դեռ պարզ չէ։ Լեւոն Զուրաբյանն ասում է՝ կարող է գալ եւ ներկայացնել իր տեսակետը, քանի որ Դաշնակցությունն էլ հիացած չէ ներկայացված նախագծով։ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյան. «Եթե հանրահավաքը նվիրված է լինելու սահմանադրական փոփոխությունների հանդես եկողներին, ինչպե՞ս կարող ենք մասնակցել այդ հանրահավաքին»։ Նույն ամբիոնից պարոն Մինասյանը ճիշտ չի համարում սահմանադրական բարեփոխումներին կողմ եւ դեմ տեսակետների ներկայացումը։ Նույնը վերաբերվում է նաեւ իշխանափոխությանը։ Իշխանությունը փոխվում է ընտրություններով. «Քառյակի ձեւաչափը իր առջեւ նպատակ չի դրել հեղափոխության միջոցով իշխանափոխություն իրականացնելուն»։ Եթե փողոցով իշխանություն փոխվի, պարոն Մինասյանը լուրջ կասկածներ կունենա, որ այդ ուժերը ոչնչով չեն տարբերվում այն անձանցից, ում համար կարեւորը ոչ թե երկրի զարգացումն է, այլ որոշ մարդկանց իշխանություն ապահովելը։