ՀՀԿ-ն դեմ է արտագաղթի մասին ԱԺ լսումներին. արտագաղթի պատճառն ինքն է (տեսանյութ)
Հանրապետականը դեմ է արտագաղթի մասին խորհրդարանական լսումներին, որովհետեւ 200 հազար մարդ 5 տարում արտագաղթել է հենց իր պատճառով: «Ընդ որում, սա մի չդադարող տենդենց է, 2013-ի տվյալները դեռ չկան, բայց դա էլ մոտավորապես լինելու է մի 40 հազար,- ասում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։- Մենք երկիր ենք կորցնում պաշտոնական տվյալներով»,-ասում է Լեւոն Զուրաբյանը։ Արտագաղթի ոչ պաշտոնական տվյալների մասին նա գերադասում է չխոսել, Սերժ Սարգսյանը կոչ էր անում նայել միայն պաշտոնականը. «Հայաստանի ժողովուրդը, բնակչությունը կորցրել է հեռանկարի զգացումը, սա ամենամեծ հանցանքն է, որ հանրապետականը արել է երկրի հանդեպ»։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ արտագաղթի պատճառների մեջ միայն սոցիալական դժվարությունները չեն, մարդիկ կդիմանային դժվարություններին, եթե հեռանկար տեսնեին, հեռանկար չկա, որովհետեւ օլիգարխի թիկնապահն այստեղ ազատորեն, հենց այնպես կարող է երեխա ծեծել։ Եվ մարդիկ փախչում են. «Որովհետեւ գիտեն, որ համատարած կոռուպցիա է, որովհետեւ գիտեն, որ արդարություն չկա, դատարանները ծախված են»։ «Այդ բոլոր պատճառները մենք էլ գիտենք»,-ասում է Հանրապետական խմբակցության ղեկավարը։ Նա խորհրդարանական լսումներից չի վախենում, պարզապես ուզում է արտագաղթի մասին խոսեն ուրիշները։ «Երբ որ հասարակ ժողովրդի հետ ես խոսում, սրա մեջ ավելի մեծ փիլիսոփայություն կա, քան մեծ փիլիսոփաների մոտ»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Պատգամավորն ուզում է, որ հատուկ խմբեր մեկնեն մարզեր եւ տեղում ուսումնասիրեն արտագաղթի խնդիրները, լսեն մարդկանց դարդուցավը, խորհրդարանում արտագաղթի մասին լսումների արդյունավետությանը նա կասկածում է։ Ավելին՝ տեսանյութում