Պատգամավորները՝ Սուրիկ Խաչատրյանի հնարավոր նշանակման մասին
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին կրկին այս պաշտոնում նշանակելու լուրերին անդրադառնալով՝ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը շեշտեց, որ ՀՀԿ նիստի օրակարգում այդ հարցը չի եղել և չի քննարկվել։ Առայժմ հայտնի չէ, թե ով է զբաղեցնելու Սյունիքի նոր մարզպետի պաշտոնը՝ ասում է Մ. Բադեյանը։ Պատգամավորը հատկապես շեշտում է, որ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնից հեռացվել է ոչ աշխատանքային պարտականությունների թերի կատարման համար, այլ «որոշ իրադարձությունների և հանգամանքների բերումով»՝ մասնավորապես հիշելով Ավետիք Բուդաղյանի աղմկահարույց սպանությունը Սուրիկ Խաչատրյանի տան մոտ։ Լրագրողների այն դիտարկմանը, թե նախկինում 5 անգամ դատված և Սյունիքի բնակչության ճնշող մեծամասնության ահուսարսափ անձը արդյո՞ք իրավունք ունի վերանշանակվելու կամ որևէ այլ պաշտոն զբաղեցնելու, Բադեյանը հակադարձեց, որ դա զուտ սուբյեկտիվ մոտեցում է, եւ ոչ՝ բնակիչների կարծիքը կամ ցանկությունը։ ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Սյունիքի մարզպետի նոր թեկնածուների մասին հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։