Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք չենք հայտարարել, թե միանում ենք ԵՏՄ-ին ԼՂ-ի հետ. Է. Նալբանդյան

Քաղաքականություն
agn3

Հայաստանի ԵՏՄ անդամակցության հարցում Լեռնային Ղարաբաղը խոչընդոտ լինել չի կարող: Այսօր հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ համատեղ ասուլիսին։ Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ բանակցություններն այդ միության հետ ընթանում են բնական հունով. «Շատ շուտով բանակցությունների արդյունքները կլինեն: Մենք չենք հայտարարել, թե միանում ենք ԵՏՄ-ին ԼՂ-ի հետ միասին։Այն խոչընդոտ չի կարող լինել»։ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը իր պաշտոնական այցի մասին խոսելով նշեց, որ իր այցը երեք հիմնական նպատակ է հետապնդում. «Կարծում եմ, որ այստեղ շատ լարված քաղաքական իրավիճակ գոյություն ունի, իրավիճակ, որը Եվրամիությունից պահանջում է որոշակի շարժունակություն։ Հույս ունեմ, որ կգտնեն հնարավորություն օժանդակելու Հայաստանին, որպեսզի նա կարողանա իր շատ կարևոր տարածաշրջանային գործընկեր Ռուսաստանի հետ աշխատելով հանդերձ, միաժամանակ աշխատել ու ընդլայնել իր համագործակցությունը Եվրամիության հետ»։ Ի դեպ, ավստրիացի լրագրողները մամուլի ասուլիսից հետո պնդում էին, թե իրենց արտգործնախարարը իր խոսքում ոչ թե ասել է «Լարված քաղաքական իրավիճակ», այլ՝ «հետաքրքիր քաղաքական իրավիճակ»։ Նրանք կարծում էին, որ, հավանաբար, թարգմանությունն է սխալ եղել։ «Մտադիր ենք Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակ բացել Հայաստանում, որպեսզի ընդլայնենք մեր տնտեսական հարաբերությունները: Մեզ համար դա լավ հնարավորություն է խթանել մեր երկու երկրների միջև համագործակցությունը»,- նշեց Սեբաստիան Կուրցը։