Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրիկ Խաչատրյանի հարցը չի քննարկվել (տեսանյութ)

Քաղաքականություն
eduard-sharmazanov

ՀՀԿ խորհրդի այսօրվա նիստում Սուրիկ Խաչատրյանի և ընդհանրապես Սյունիքի մարպետի հարցը չի քննարկվել։ Այս մասին լրագրողներին փոխանցեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Երկուս ու կես ժամ տևած նիստի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և ուելսյան հռչակագրի թեման։ Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ հռչակագիրը ձախողեց թուրք-ադրբեջանական քաղաքական գործարքը։ «Իհարկե, Նյուպորտի հռչակագրում կան կետեր, որոնք ոչ այնքան բարենպաստ են մեզ համար, սակայն ընդհանուր առմամբ, հռչակագիրը մեզ համար շահավետ է։ Այնտեղ շատ հստակ սահմանված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը պետք է լուծվի միայն խաղաղ բանակցային ճանապարհով՝ Մինսկի խմբի ձևաչափով»,- նշեց ՀՀԿ խոսնակը։ Էդուարդ Շարմազանովը նաև հայտնեց, որ նիստի ընթացքում ելույթ են ունեցել երկու տասնյակից ավելի Հանրապետականներ, այդ թվում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և այլք։ Խորհրդի նիստում նոր կառավարության գործունեության վերաբերյալ հնչել են դրական կարծիքներ։ Սահմանադրական բարեփոխումների թեման ևս չի շրջանցվել նիստի ընթացքում։ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ «առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ, քաղաքական իշխանության ներկայացուցիչները Սահմանադրական բարեփոխումների փաթեթին մասնակից են փորձում դարձնել հասարակությանը»։   Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ իրենց համար անհասկանալի է այս հարցում քաղաքական մյուս կուսակցությունների պահվածքը. «Գիտեք ինչ, ծիծաղելի է, երբ քաղաքական կուսակցություններ, որոնք տարիներ շարունակ հայտարարում էին, որ Սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են մեր երկրին, այժմ լրիվ հակառակն են պնդում։ Դա ուղղակի, կրկնում եմ, ծիծաղելի է, այդ կուսակցությունները, պարզապես, ինչպես ժողովրդական լեզվով են ասում՝ մահանա են բռնում»։