Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սարգսյան-Ալիեւ հանդիպումից մեծ ակնկալիքներ անիմաստ է ունենալ»

Քաղաքականություն
ալիեվ

Հանդիպումներն ու բանակցությունները պատերազմական գործողություններից լավ են` կարծում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով ԱՄՆ նախաձեռնությամբ տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ-ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի հանդիպմանը: Պարոն Ռուստամյանի համոզմամբ` մեծ ակնկալիքներ հանդիպումից անիմաստ է ունենալ, քանի դեռ Ադրբեջանն սկզբունքային հարցերից մեկում անբանակցելի կողմ է. «Եթե մի ձեռքով բանակցությունների մեջ ես, մյուս ձեռքով պատերազմի դաշտում, սա չի կարող համարվել նորմալ գործընթաց, քանի Ադրբեջանը չի հրաժարվել այն մոտեցումներից, որոնք ունի եւ չի հասկացել, որ ուղղակի պետք է հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այստեղից սկսվում են բոլոր խնդիրները»: Հանդիպումից հետո պետքարտուղար Քերրին նախ իր մտահոգությունն է հայտնել շփման գծում տեղի ունեցած բախումների համար եւ հորդորել կողմերին` խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը եւ հավելյալ քայլեր ձեռնարկել իրենց երկրների հանրությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ: Արմեն Ռուստամյանը վստահ է` մեր զինվորներն են թե ՌԴ-ին, թե ԱՄՆ-ին ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ, երբ պատվով կարողացան հետ մղել ադրբեջանական վերջին հարձակումները. «Մեր հույսը ոչ մի պետության վրա չպետք է լինի, միայն մեզ վրա: Մեր ուժը մեր մեջ պետք է փնտրենք: Եթե խաղաղություն ես ուզում, ապա պետք է պատրաստվես պատերազմի»: ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով` արդյունավետ էին ինչպես Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ջոն Քերրիի հետ եռակողմ հանդիպումները: Ըստ նրա` միգուցե սա այն բացառիկ դեպքերից է, երբ կարգավորման բոլոր մասնակիցները բացառությամբ մեկից, գտնում են, որ կոնֆլիկտի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. «Սա խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ն կփորձի եւ դա կանի անթաքույց, կարգավորման գործընթացի նախաձեռնությունը կվերցնի իր ձեռքը: Ես գոնե այդպիսի բան եմ նկատում»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դրական է համարում, որ հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ կարեւորվել է Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում բանակցությունների շարունակությունը. «Սա հստակ մեսիջ էր ադրբեջանական կողմին, որ համանախագահ երկրները, այդ թվում` ԱՄՆ-ն չեն ընդունում բացի խաղաղ կարգավորումից, այլ տարբերակ»: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի սպասելիքները հանդիպման արդյունքներից եւս մեծ են. «Սա միջոց է` հանդիպումը, որտեղ պետք է կարողանաս այն նպատակները, այդ հարցի վերաբերյալ դիրքորոշումը հայտնես ու պաշտպանես: Ինչ չափի արդյունք կտա, չշտապենք, սպասենք հանդիպմանը»: