Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընդամենը մի թղթի կտոր». Ադրբեջանը՝ Արցախի բանաձեւի մասին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arcax2

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անցյալ շաբաթ խստորեն դատապարտեց Կալիֆորնիայի օրենսդիր մարմնին՝ նահանգի Սենատի կողմից AJR 32 բանաձևի ընդունումից հետո, որը «խրախուսում և աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերը՝ զարգանալու որպես ազատ և անկախ պետություն» և «կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին ու Կոնգրեսին՝ սատարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը»: Բանաձևը նաև ճանաչեց, որ Արցախը «պատմականորեն եղել է հայկական տարածք.... սակայն 1921 թվականին Խորհրդային Միության օրոք ապօրինաբար անջատվել է Հայաստանից և հանձնվել նոր կազմավորված Խորհրդային Ադրբեջանի կառավարմանը»: Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի երկու պալատները ճնշող մեծամասնությամբ կողմ են քվեարկել Արցախի բանաձևին՝ օգոստոսի 27-ին նահանգի Սենատը՝ 24-0, իսկ մայիսի 8-ին նահանգի ժողովը՝ 72-1 ձայների հարաբերակցությամբ: Այսպիսով, Կալիֆորնիան, Արցախին սատարող նման բանաձև ընդունելով, միանում է Լուիզիանա, Մեյն, Մասաչուսեթս և Ռոդ Այլենդ նահանգներին: Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի որոշումները զայրացրել էին Ադրբեջանի կառավարությանը և նրա դիվանագետներին Միացյալ Նահանգներում: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլլաևը արհամարհեց Արցախի բանաձևը՝ այն անվանելով «ընդամենը մի թղթի կտոր»: Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը խիստ քննադատեց տեղի հայ համայնքը, Կալիֆորնայի նահանգը և AJR 32-ը: Բանաձևը խափանելու իր ձախողումն արդարացնելու համար նա պնդեց, թե Կալիֆորնիայի սենատորները «իրենց ընտրական քարոզարշավների համար հսկայական ֆինանսական նվիրատվություններ» են ստացել «հայկական լոբբիից»: Մոռանալով, որ նա ներկայացնում է աշխարհի ամենաբռնապետական վարչակարգերից մեկը, Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը հանդգնել է դաս տալ Միացյալ Նահանգների պաշտոնյաներին՝ «Ամերիկայի քաղաքական համակարգում առկա լուրջ բացթողման համար, որը հրատապ շտկման կարիք ունի»: Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը, նախքան նման անհիմն մեղադրանքներ անելը, պետք է համացանցում փնտրեր, որպեսզի տեսներ, թե ինչքան գումար են ստացել Արցախի բանաձևի համար քվեարկած 24 սենատորներն ամերիկահայերից, եթե այդպիսիք եղել էին: Միացյալ Նահանգներում քարոզարշավների նվիրատվությունները թափանցիկ են, ի տարբերություն Ադրբեջանի, ուր այցելած քաղաքական գործիչներին ճոխ ընդունելության են արժանացնում և ճանապարհում փողի տրցակներով, խավիարի տուփերով և ոսկու ձուլակտորներով… Գլխավոր հյուպատոսը բանաձևի ընդունումը նաև վերագրել է «հայկական լոբբիի չափազանց մեծ ջանքերին Կալիֆորնիայում, որտեղ շուրջ մեկ միլիոն հայ է բնակվում»: Մեկ միլիոնը ադրբեջանցի դիվանագետի կողմից ևս մեկ չափազանցություն է, որը շարունակելով կեղծ մեղադրանք է ներկայացնում հայկական «էթնիկ լոբբիին», որն իբր դիմել է «սպառնալիքների, շանտաժի և այլ միջոցների» Կալիֆորնիայի սենատորների դեմ: Այնուհետև Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը պարծենում է իր գործադրած ջանքերով ընդդեմ AJR 32-ի, պնդելով, թե նա և իր հյուպատոսությունը մի շարք «լուրջ քայլեր» են ձեռնարկել, ներառյալ «բողոքի նամակների հղում բոլոր սենատորներին [և] բազմաթիվ հանդիպումներ նրանց հետ….»: Չնայած նրա խելահեղ գործունեությանը՝ ոչ մի սենատոր դեմ չքվեարկեց Արցախի օրինագծին… Աներևակայելի է, սակայն հյուպատոսը պնդում է, թե նա մեծ հաղթանակ է տարել, որովհետև վերջնական քվերակությունը ի նպաստ Արցախի եղել է 24-0, այլ ոչ թե 40-0, քանի որ որոշ սենատորներ կամ բացակայել են, կամ ձեռնպահ մնացել… Հասկանալիորեն, գլխավոր հյուպատոսը մոռացել է նշել Արցախի օրինագծի դեմ պայքարում իր ամենամեծ կողմնակիցներին՝ հզոր լոբբիստական ընկերություններին, որոնք Ադրբեջանը վարձել է Վաշինգտոնում և Լոս Անջելեսում հսկայական գումարներով: Այդ ընկերություններից մեկը՝ JCI Worldwide-ը, Սեթ Յակոբսոնի գլխավորությյամբ, նամակ էր հղել Կալիֆորնիայի 40 սենատորներին ՝ ռաբբի Դով Նյումանի, Բեվերլիվուդի խաբադի, ռաբբի Մենդի Քոհենի, Սակրամենտոյի խաբադի, ռաբբի Յոնահ Բուկշտեյնի և Փիկո Շուլի ստորագրությամբ: Երեք ռաբբիները սենատորներին գրել էին, որ նրանք «կտրականապես դեմ են AJR 32-ին… Ադրբեջանը կարևոր դաշնակից է Իսրայելի և հրեա ժողովրդի համար: Հրեաները ազատ և պաշտպանված ապրում են Ադրբեջանում հազարավոր տարիներ… Որպես Կալիֆորնիայի հրեական համայնքի ռաբբիներ և առաջնորդներ, մենք զորակցում ենք մեր եղբայրներին ու քույրերին Ադրբեջանում և պահանջում ենք ԴԵՄ քվեարկել AJR 32-ին»: Այս ռաբբիներն ակնհայտորեն անհարմար վիճակի մեջ դրեցին իրենց նման անհեթեթ նամակ ուղարկելով, քանի որ չկարողացան նույնիսկ մի սենատորի համոզել դեմ քվեարկելու Արցախի բանաձևին: Ավելին, իրենց շրջանառվող նամակը Ադրբեջանի նավթադոլարների անիմաստ վատնում էր, քանզի JCI-ի մեծածախս լոբբինգն անարժեք դուրս եկավ: Հետաքրքիր է, արդյոք նախագահ Ալիևին հայտնի՞ է, որ Ադրբեջանի հյուպատոսությունը Լոս Անջելեսում և դեսպանատունը Վաշինգտոնում միլիոնավոր դոլարներ են վատնում անարդյունավետ լոբբիստական ընկերությունների վրա: Արդյոք Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, տեղյա՞կ են, որ իրենց ղեկավարներն քամուն են տալիս երկրի հարստությունը արտասահմանում քաղաքական գործունեության վրա՝ ընդամենը մի «թղթի կտորին» հակազդելու համար: Իսկապես, եթե Կալիֆորնիայի Սենատի բանաձևը մի անիմաստ «թղթի կտոր» էր, ինչպես պնդում է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնյան, ապա ինչո՞ւ էր Ադրբեջանն այդքան ժամանակ, ջանք ու դրամ ծախսում՝ փորձելով խափանել դրա ընդունումը:   Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի