Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերափոխումն Սուրբ Աստվածածնի. Խաղողօրհնեք

Հասարակություն
xaxox

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է: Մինչև 12-րդ դարը այն եղել է անշարժ և տոնվել է օգոստոսի 15-ին: Ս. Ներսես Շնորհալի կաթողիկոսի հրամանով այն դարձել է շարժական ու մինչ օրս նշվում է օգոստոսի 15-ի մոտակա կիրակին` ի պատիվ Տէրունական տոնի: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո, Տիրոջ իսկ պատվերով Ս. Տիրամայրն ապրում էր Ս. Հովհաննես առաքյալի խնամակալությամբ: Քրիստոսի Համբարձումից 12 տարի հետո Գաբրիել հրեշտակապետը, հայտնվելով Ս. Աստվածածնին, ասում է, որ նա շուտով պիտի ննջի: Ս. Մարիամը լուրը հայտնում է իր մերձավորներին: Առաքյալները շտապում են գալ Երուսաղեմ հրաժեշտ տալու Սուրբ Կույսին: Նրա իսկ խնդրանքով Ս. Հովհաննես առաքյալը Ս. Պատարագ է մատուցում և վերջին Հաղորդություն տալիս Ս. Տիրամորը: Ս. Հովհաննեսը վերցնելով մի տախտակ տալիս է Ս.Մարիամին ու խնդրում, որպեսզի նա իր պատկերը դրոշմի վրան: Ս.Տիրամայրը կատարում է նրա խնդրանքը: Ս. Կույսին թաղում են Գեթսեմանի ձորակում: Երեք օր շարունակ այնտեղ լսվում են հրեշտակների երգեցողության ձայներ: Երբ Ս. Բարդուղիմեոս առաքյալն ուշացած հասնում է Երուսաղեմ, խնդրում է առաքյալներին, որ բացեն գերեզմանը` վերջին հրաժեշտը տալու Ս. Աստվածածնին: Երբ գերեզմանը բացում են, նա արդեն այնտեղ չի լինում. իսկ դա նշանակում է, որ Հիսուս Քրիստոս Իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել Իր Մորը: Որպես մխիթարություն՝ առաքյալները Ս. Բարդուղիմեոսին են հանձնում Տիրամոր պատկերը, որն իր հետ բերում է Հայաստան և պահում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում: Ի պատիվ Ս.Աստվածամոր՝ հետագայում այստեղ կառուցվում է եկեղեցի և հիմնադրվում կուսանոց: Վերափոխման տոնին մատուցվող Ս. Պատարագին կից կատարվում է Խաղողի օրհնության կարգ:   Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան